Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 3

Սկիզբը` այստեղ

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է իր գագաթնակետին Սառը պատերազմից հետո. սա ես չեմ ասում, սա մենք չենք ասում, սա Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) շուրջ 10 օր առաջ հրապարակված հայտարարությունն է:

«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ կարծես ավելին է, քան երբևէ Սառը պատերազմի բուռն շրջանից ի վեր»,- «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ , ասել է ինստիտուտի տնօրեն Դեն Սմիթը SIPRI-ի զեկույցի մեկնաբանությունում:

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ իրավիճակը սաստկանում է «միջուկային ակումբի» երկրների կողմից միջուկային հռետորաբանության սրմամբ։ Ինչպես նշվում է զեկույցում, երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով խնդիրներ են առաջացել նաև միջուկային դիվանագիտության ոլորտում։

«Rusvesna»-ի դեռ մարտի 20-ի հրապարակման  համաձայն, «Արդեն հատուկ գործողության մեկնարկից հետո եղավ հայտարարություն, որ վկայություններ կան ԱՄՆ-ից Ուկրաինա զինական (միջուկային զենքի արտադրության համար նախատեսված.- Ա.Հ.) պլուտոնիումի փոխանցման մասին, իսկ Զապորոժեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ստացվել են միջուկային զենքի արտադրության մասին խոսացող փաստաթղթեր և վկայող ցուցմունքներ»։

Ի դեպ, ըստ հրապարակման, միջուկային կամ ճառագայթային զենքի (ռադիոակտիվ թափոններ կամ շղթայական ռեակցիայի համար չնախատեսված ռադիոակտիվ նյութեր պարունակող «կեղտոտ ռումբի») առկայությունը լիովին կարող էր հիմք լինել երկրի հարավ-արևելքի հակամարտությունում ռուսական միջամտությունը կանխելու սեփական կարողություններին Կիևի վստահության համար։

Հուսանք, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը մեկընդմիշտ կանխել է միջուկային զենք ստեղծելու Ուկրաինայի հնարավորությունը, իսկ եթե նույնիսկ ունի արդեն միջուկային կամ ճառագայթային զենք, չի համարձակվի կիրառել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում սպառնացել է, որ Ուկրաինան կվերանայի միջուկային զենքից հրաժարվելու հարցը, և նախաձեռնել է խորհրդակցություններ Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։

Զելենսկին մասնավորապես հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է Բուդապեշտի հուշագրի անդամ երկրների մասնակցությամբ գագաթնաժողով գումարել: Նրա խոսքով՝ եթե այն չկայանա կամ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ չներկայացվեն, ապա 1994թ. ստորագրված հուշագիրը Կիևի կողմից, իր բոլոր դրույթներով հանդերձ, կհամարվի անվավեր, Ուկրաինան կհրաժարվի իր ոչ միջուկային կարգավիճակից:

Լեհաստանի նախկին արտգործնախարար, Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին, իր հերթին, մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել է , որ արևմտյան երկրները կարող են Ուկրաինային միջուկային զենք տրամադրել՝ պաշտպանելու իր անկախությունը։ Նա վկայակոչել է Բուդապեշտի հուշագրի դրույթները, որոնց համաձայն, Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից անվտանգության երաշխիքների դիմաց։ Իբր թե, ըստ Սիկորսկու, Ռուսաստանը խախտել է փաստաթղթում ամրագրված պարտավորությունները, հետևաբար, կարծում է, որ իրենք, որպես Արևմուտք, իրավունք կունենան Ուկրաինային միջուկային մարտագլխիկներ նվիրել, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր անկախությունը:

Եթե Ուկրաինան Արևմուտքից իսկապես ստանա միջուկային մարտագլխիկներ կամ հասցնի արտադրել սեփականը, ապա դրանք Դոնբաս, Ղրիմ և ՌԴ հետ սահմանամերձ այլ շրջաններ հասցնելու հրթիռներ ունի` հանձին «Точка-У» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռների:

Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ս. թ. մարտին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված ներկայիս իրավիճակը պայքար է աշխարհի քաղաքական քարտեզում Ռուսաստանի գտնվելու իրավունքի համար։ Լավրովի հավաստմամբ, Արևմուտքին Ուկրաինայից պետք է միայն, որ այս երկիրն աշխատի ամեն ռուսականի դեմ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան