Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել

Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի
հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ
կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող
հետազոտողների համար:     
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2022 թվականի գարնանը սկսվող կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է
խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի
պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական
մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։
Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է
կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։
«Արցախի մշակութային հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական հետազոտությունների
դրամաշնորհների» հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ  վերջնաժամկետը 2022
թվականի հոկտեմբերի 1-ն է։
Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հետևյալ թեմաները.
• Հայագիտության ցանկացած բնագավառ (լեզու, պատմություն, մշակույթ, արվեստ, աստվածաբանություն,
ազգագրություն, հնագիտություն և այլն)՝ կենտրոնանալով Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության
վրա և շեշտադրելով միջառարկայական մեթոդներն ու մոտեցումները: Հատկապես ողջունելի են
հայագիտության հետևյալ ուղղությունները՝ ընդհանուր, պատմական և համեմատական լեզվաբանություն,
տարածքային լեզվաբանություն, կոնտակտային լեզվաբանություն, բարբառագիտություն, ազգագրություն,
արվեստ և ճարտարապետություն, ձեռագիր ուսումնասիրություններ (կոդիկագիտություն), հնագիտություն,
միջնադարյան պատմություն, վաղ ժամանակակից պատմություն, աստվածաբանություն, կրոնագիտություն և
ոլորտին սերտորեն կապված այլ առարկաներ:
• Նախագծերը պետք է հիմնված լինեն հիմնարար հետազոտության, արխիվային կամ դաշտային
աշխատանքի, ինչպես նաև արդի գիտական մոտեցումների ու տեսությունների վրա:
• Նախագծերը պետք է ունենան հստակ արդյունք՝ գիտական հրապարակման տեսքով:
• Դիմումի լեզուն պետք է լինի անգլերենը: Ծրագրի արդյունք(ներ)ը նույնպես պետք է գրված լինի
անգլերեն կամ ցանկացած արևմտյան լեզվով: Նախագիծն ինքնին կարող է լինել հայերեն կամ այլ լեզվով
(օրինակ՝ ռուսերեն, գերմաներեն, իտալերեն և այլն):

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել վերոհիշյալ առարկաների մինչև 35 տարեկան և արդեն իսկ
գիտական ուսումնասիրության փորձ ունեցող շրջանավարտները, մագիստրոսներն ու ասպիրանտները:
Անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև ծախսերի բաշխման, ժամանակացույցի,
աշխատանքային պլանի, ինչպես նաև հետազոտության հայեցակարգի վերաբերյալ տեղեկություններ:
Պայմանների և պահանջների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել Հայագիտական
ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր էջ: