Խոշոր տրամաչափով Երևանից ընդամենը 100 կիլոմետր

Խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընկերներիս հետ այցելեցինք
Տավուշի մարզի Ազատամուտ համայնք: Այդ համայնքն ըստ այդ ժամանակ ստացված տեղեկությունների
իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին:
Մեր գալու մասին նախապես հասցրել էր իմանալ Ազատամուտի նորանշանակ համայնքապետը և հասցրել
էր մի լավ նախապատրաստվել մեր այցին: Մասնավորապես մեր առաջին կանգառի վայրում հավաքել էր
շուրջ 10 քաղաքացու որոնք պետք է մեզ ասեին, որ ամբողջ համայնքը Նիկոլի հետ է: Ազնիվ լինելու
համար պետք է խոստովանեմ, որ համայնքապետին, որին ես գյուղապետ ասեցի ու ինքը խիստ վիրավորվեց
դրանից, հաջողվեց մեր տրամադրությունը փչացնել: Բայց, այնուամենայնիվ, մենք հասցրեցինք
բնակիչների հետ շփվելը:
Այդ ընթացքում մոտ 70 տարեկան մի մարդ մոտեցավ ինձ ու ասեց. տղա ջան, հլը ասա տեսնեմ էս մեր
գյուղն էլ են տալո՞ւ: Մի պահ քարացա: Չգիտեի ինչպես տանտիրոջն ասեմ, որ իր տունը ամենայն
հավանականությամբ իշխանությունը թշնամուն է նվիրելու: Մեջս ուժ գտա և ասեցի՝ «Հայրիկ ջան, ըստ
բավականին լուրջ տեղեկությունների մտավախություն ունենք, որ այո, եթե թողնենք ձեր համայնքն էլ
կհանձնեն թշնամում»: Այդ մարդը շատ թեթև ասեց՝ «է՜ տղա ջան, դե ասա դուք ստեղ ընտրվելու շանս հեչ
չունեք»:
Զարմացած հարցրեցի, թե ինչո՞ւ:
«Որովհետև, տղա ջան, էս մեր թազա ջահել գյուղապետը սաղ գյուղին համոզել ա, որ հենց Նիկոլը մեր
գյուղը հանձնի՝ սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու»- ասած հայրիկը, քթի տակ հայհոյեց, կախեց
գլուխն ու հեռացավ:
Ընտրությունների արդյունքներով գրեթե բոլոր սահմանամերձ համայնքներում Նիկոլ Փաշինյանը ստացավ
60 տոկոսից ավելի քվե:
Հ.Գ. Այսօր ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում
նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի
արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական
մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել
է քաղաքացիական ավտոմեքենա։
Հ.Գ.2. Վայոց Ձորի մարզ, գյուղ Ելփին
21.06.2021թ.
ՔՊ – 383
Հայաստան դաշինք – 57
Պատիվ ունեմ դաշինք – 10

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից