Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլի հայտարարությունները հաղորդում են նախապատրաստվող պետական դավաճանության մասին. 6

Սկիզբը` այստեղ 

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով անցնող ճանապարհին իբրև այլընտրանք, նրան փոխարինելու կոչված, նշված միջանցքից դուրս գտնվող և Ադրբեջանի կողմից այժմ թափով կառուցվող ճանապարհը ներկայումս գործող ճանապարհից, ի հակառակ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի արտահայտած կարծիքի, ոչ թե «շատ ավելի անվտանգ», ոչ թե ընդհանրապես անվտանգ, այլ ճիշտ հակառակը` վտանգավոր է լինելու:

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդած հրապարակումներից մեկում , Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 30-ի նիստում ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցերին տված պատասխանի ընթացքում անդրադառնալով նոր ճանապարհի կառուցման անվտանգության խնդրին, ասել է. «Երկրորդ` արդյոք լինելու է անվտանգ, իսկ, իմ կարծիքով, շատ ավելի անվտանգ է լինելու` բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»:

Անկեղծ կլիներ ասել` վտանգավոր է լինելու` Ադրբեջանի շահերը հաշվի առնելով…

Մեկ անգամ ևս ընթերցողի ուշադրությունը հրավիրենք այն փաստի վրա, որ Հարությունյանը ոչ թե երաշխավորել, խոստացել կամ հավաստել է նոր ճանապարհով երթևեկության անվտանգությունը, այլ ընդամենն իր կարծիքն է հայտնել, իսկ վաղը երբ կպարզվի իրականությունը, առաջացած խնդիրների համար խույս կտա պատասխանատվությունից, ծայրահեղ դեպքում կասի, որ ինքն ընդամենն իր կարծիքն է արտահայտել, իսկ յուրաքանչյուր մարդու կարծիք, ինչպես գիտենք, կարող է և սխալ լինել:

Նկատի ունենալով, որ ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելով, Արայիկ Հարությունյանը չի կարող չիմանալ իրականությունը, մնում է եզրակացնել, որ նա իր վերոնշյալ կարծիքով փափուկ բարձ է դնում Արցախի պատգամավորների և, ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի գլխի տակ, մոլորեցնում նրանց, իսկ թե ինչո՞ւ (օրինակ, ի՞նչ շահագրգռությամբ կամ ո՞ւմ հարկադրմամբ), Արցախի ԱԱԾ-ի ու գլխավոր դատախազության պարզելու խնդիրն է:

Կարո՞ղ են Արայիկ Հարությունյանը և վերոնշյալ մարմինների ղեկավարները պատասխանել թեկուզ ընդամենը հետևյալ հարցերին (հարցերն իրականում շատ ավելին են…), եթե իսկապես չի նախապատրաստվում պետական դավաճանություն.

  1. Ադրբեջանն այդ ինչո՞ւ է իր զբաղեցրած տարածքում հսկայական գումարների ներդրմամբ մեզ համար կառուցում Քաշաթաղի միջանցքով գործող ճանապարհից, Հարությունյանի բնորոշմամբ, «շատ ավելի անվտանգ» ճանապարհ (ադրբեջանական հատվածը, որքան տեղյակ ենք, շուրջ 7 կիլոմետր է), երբ գրեթե ամեն կերպ հայերիս ոչնչացմանն է ձգտում, ի՞նչ է, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գժվե՞լ է, թե՞ Ալիևի սրտում հայերիս հանդեպ հանկարծակի սեր է բուսնել…
  2. ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը կարո՞ղ է հայտարարել և ապացուցել, որ Քաշաթաղի միջանցքից դուրս կառուցվող հիշյալ ճանապարհը կլիմայական, եղանակային առանձնահատկությունների և (կամ) ռելիեֆի պատճառով ավելի դժվարանցանելի չի լինելու, քան Քաշաթաղի միջանցքով գործող ճանապարհը:
  3. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ռուսերեն շարադրանքի  6-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ»:

Քանի որ Ադրբեջանն իր զբաղեցրած հատվածում նոր ճանապարհն արդեն կառուցում է, իսկ Հայաստանի և Արցախի ղեկավարները դրա դեմ չեն առարկում, հակառակը` գովաբանում են նոր ճանապարհը, նշանակում է երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ինչպես վերոնշյալ հայտարարությամբ է նախատեսված. նախապես որոշվել է կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնությամբ:

Ավելին, ըստ Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի, «Այս երթուղու ընտրության հարցում Արցախի իշխանությունները ներգրավված են եղել»: Հետևաբար վերը շարադրվածից բխող հարցը` նոր երթուղու կառուցումից առաջ, Նիկոլի և Արայիկ Հարությունյանի կողմից ինչո՞ւ է հայ ժողովրդից թաքցվել երթևեկության նոր երթուղու կառուցման պլանին հայկական կողմի տված համաձայնությունը:

  1. Հայկական կողմն ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ է իր համաձայնությունը տվել մի պլանի, որի համաձայն, երթևեկության նոր երթուղին կառուցվելու է Քաշաթաղի միջանցքից դուրս, այսինքն` նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսվածի խախտմամբ:
  2. Ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ են Նիկոլը և Արայիկ Հարությունյանը շտապել երթևեկության նոր երթուղու կառուցման պլանի ընտրության, որոշման, Նիկոլը նաև դրան համաձայնություն տալու հարցում, երբ նշված պլանի վերաբերյալ համաձայնությունը կարելի էր տալ վերոնշյալ հայտարարության ստորագրումից 3 տարվա ընթացքում (մինչև 2023թ. նոյեմբերի 9-ը): Իրականում համաձայնությունը տրվել է բավական վաղուց, Ադրբեջանն իր զբաղեցրած հատվածում գրեթե մոտ է ճանապարհաշինական աշխատանքների ավարտին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան