Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլի հայտարարությունները հաղորդում են նախապատրաստվող պետական դավաճանության մասին. 5

Սկիզբը` այստեղ 

Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն ո՞ւմ շահերի ներկայացուցիչն ու պաշտպանն է` Արցախի Հանրապետության ու նրա բնակչությա՞ն, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի… Չի կարող այս հարցը չառաջանալ, երբ ծանոթանում ենք ԱՀ Ազգային ժողովի հունիսի 30-ի նիստում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցերին նրա տված պատասխաններին:

Համարելով, թե Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով այժմ գործող ճանապարհի փոխարեն հիշյալ միջանցքից դուրս երթևեկության նոր երթուղու հետ կապված հարցերին արդեն ինչպես հարկն է պատասխանել է, Արայիկ Հարությունյանն ասել է.

«Ինչ վերաբերում է հայաթափմանն այդ բնակավայրերի, այդ հարցը այսօր չի քննարկվել, հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին, այդ հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք, խոսքը Բերձորի մասին չէ, Բերձորը մենք պարտավոր ենք, հենց կետում գրված է, որ պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք. իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք, այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել: Մենք որևէ մեկին չենք ասել դուրս եկեք Բերձորից»:

Նախ, իր այս խոսքով ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողն արձանագրել է, որ հայկական բնակավայրերի հայաթափման հարց իրոք գոյություն ունի: Սա ի գիտություն հատկապես նիկոլազոմբիների և բոլոր նրանց, ովքեր ասում են, թե այդ հարցն ընդհանրապես գոյություն չունի, այն ընդդիմության հորինածն է:

Երկրորդ. հայտնել է, որ «այդ հարցը այսօր չի քննարկվել»: Հետո ի՞նչ, ասենք թե այդ հարցը Ադրբեջանի շահերը ներկայացնող Նիկոլի հետ հունիսի 30-ին չի քննարկվել, վաղն է քննարկվելու, դրանից ի՞նչ է փոխվում, եթե կա հայկական բնակավայրերը մեր թշնամուն հանձնելու նպատակադրում:

Երրորդ. պատասխանել է, որ «հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին, այդ հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք»: Այսինքն` դեռ չի քննարկվում, բայց առաջիկայում կարող է քննարկվել նաև Աղավնոյի հայաթափման հարցը: Հարությունյանը, միաժամանակ, ինքն է ակամա բացահայտել չքննարկելու մասին ասած իր սուտը` հավելով` «մենք բանակցում ենք»: Բանակցությունը քննարկում է և նույնիսկ ավելին, քան քննարկումը:

Հարկ է ուշադրություն դարձնել նաև, որ ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը չի հավաստել, խոստացել, որ Աղավնոն Ադրբեջանին չի հանձնվի, չի բացառել դրա հնարավորությունը` ասելով` «Աղավնոյի հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում, տեսնենք ինչ հնարավոր լուծումներ կան» (այսինքն` հնարավոր լուծումներ կարող են և չլինել):

Չորրորդ. ասել է, որ «խոսքը Բերձորի մասին չէ»: Այսի՞նքն… Միայն Աղավնոյի հայաթափման հա՞րցն է առաջացել, ավելի ճիշտ, ինքը, Նիկոլի և Ալիևի հետ միասին, միայն Աղավնոյի հայաթափման հա՞րցն է առաջացրել, միայն Աղավնոյի հայաթափման վտանգը կա՞…

Ի՞նչ է նշանակում «խոսքը Բերձորի մասին չէ»… Այնտեղ արդեն ոչ թե հայեր, այլ ադրբեջանցինե՞ր են ապրում… Դատելով ամենից. Հարությունյանը մտովի առաջ է ընկել, պատկերացնում է Բերձորն արդեն առանց հայերի, այսինքն` Ալիևի հերթական երազանքն իրականացրած… Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իրեն հաշիվ տալի՞ս է, թե Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնելով, ինչեր է խոսում, թե շատ լավ էլ հաշիվ տալիս է, բայց հօգուտ Ալիևի և Ադրբեջանի:

Ասելով, որ «խոսքը Բերձորի մասին չէ», ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը Բերձորի հայաթափման հարցն արդեն ի սկզբանե լուծված է համարում ու սրանից է բխեցնում, որ հայաթափման հարցը Բերձորին չի վերաբերվում, այսինքն` Բերձորի հետ կապված հայաթափման հարց չկա, որովհետև իր վերը մեջբերված խոսքից անմիջապես հետո ասել է. «…Բերձորը մենք պարտավոր ենք, հենց կետում գրված է, որ պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք։

Ո՛չ, պետական դավաճանության մեջ մեղադրվող  Նիկոլի ստորագրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  մեջ նույնիսկ` չի գրված, որ մենք (Հայաստանի Հանրապետությունը, թեև պետք է գրված լիներ Արցախի չճանաչված հանրապետությունը) «պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք», հետևաբար Արայիկ Հարությունյանն այս առումով, մեղմ ասած, ճիշտ չի ասում:

Վերոնշյալ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ն Ադրբեջանին է վերադարձնում Լաչինի շրջանը, չի գրված, թե վերադարձնում է Բերձոր քաղաքը կամ Լաչինի (Քաշաթաղի) շրջանն ամբողջությամբ:

Ավելին. հայտարարության 6-րդ կետում Լաչինի շրջանն Ադրբեջանին վերադարձնելու դրույթից անմիջապես հետո գրված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Սա նշանակում է, որ տվյալ միջանցքում գտնվող հայկական բնակավայրերը (Բերձորը, Աղավնոն ու Սուսը) նույնպես պետք է անցնեին ու մնային, առ այս պահն էլ անցել ու մնում են ոչ թե Ադրբեջանի, այլ ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Չնայած եռակողմ հայտարարությունում ամրագրված վերոնշյալ դրույթին ու դրան դեմ գնալով, դրա խախտմամբ, Նիկոլը և Արայիկ Հարությունյանն ուզում են հօգուտ Ադրբեջանի փոխել առկա իրավիճակը: Սա ի՞նչ է, եթե ոչ պետական դավաճանության դրսևորում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից:

Այն, որ Լաչինի շրջանն Ադրբեջանին վերադարձնելու դրույթը չի վերաբերում Քաշաթաղի (Լաչինի) ամբողջ շրջանին, այսինքն նաև` նույն շրջանում գտնվող Քաշաթաղի (Լաչինի) միջանցքին, Քաշաթաղի շրջանում ու միջանցքում գտնվող Բերձոր քաղաքին ու մյուս բնակավայրերին, փաստվում է նաև այն իրողությամբ, որ թե՛ վերոնշյալ միջանցքը, թե՛ Սուս, Բերձոր, Աղավնո հայկական բնակավայրերը լինելով Քաշաթաղի միջանցքի տարածքում, գտնվում են ոչ թե Ադրբեջանի տիրապետության տակ, այլ ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, և առաջինը թեև դատարկված, վերջին երկուսը հայաբնակ են:

Հակառակ պարագայում, եթե Արայիկ Հարությունյանի ասածը ճիշտ լիներ, Բերձորը, Աղավնոն ու Սուսը մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ն արդեն պետք է հանձնված լինեին Ադրբեջանին, ինչպես արդեն հանձնված են Քաշաթաղի շրջանի մյուս բնակավայրերը:

Բացի վերոնշյալից, եթե խնդրին Արայիկ Հարությունյանի մեկնաբանությամբ մոտենանք, այսինքն` եթե Լաչինի շրջանն Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 1-ին պարբերությունում գրվածը վերագրենք ամբողջ շրջանին, ներառյալ` նշված շրջանում գտնվող Քաշաթաղի միջանցքին և այնտեղ գտնվող բնակավայրերին, ապա ո՞րն է տարբերությունը Բերձոր քաղաքի և Աղավնոյի միջև, որը նույնպես նույն` Քաշաթաղի շրջանում է գտնվում :

Այդ ի՞նչ տրամաբանությամբ է ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողն ասել, թե Աղավնոյի հարցի հետ կապված «տանում ենք բանակցություններ», «Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը», իսկ Բերձոր քաղաքից «պարտավոր ենք», «պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք», «Անկախ ամեն ինչից, մենք Բերձորը պետք է շրջանցենք», այսինքն` Բերձորն Ադրբեջանին հանձնելու, Բերձորի հայաթափման դատավճիռն արդեն իսկ կայացված է:

Ծայրահեղ դեպքում կարելի է ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 1-ին պարբերությունը հայկական և ադրբեջանական կողմերն իրենց շահերից ելնելով, կարող են յուրովի մեկնաբանել, բայց ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողն ինչո՞ւ է մեկնաբանում Ադրբեջանի շահերից ելնելով, հո Ալիևի անձնական փաստաբանը չէ՞…

Ի վերջո, հայտարարության 6-րդ կետի 1-ին պարբերությունը նույնիսկ Ադրբեջանի օգտին մեկնաբանելու դեպքում, Բերձորը, Աղավնոն ու Սուսը նրան չհանձնելու հզոր փաստարկ, հաղթաթուղթ գոյություն ունի` ավելի վաղ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերի խախտումն Ադրբեջանի կողմից: Իսկ այն, որ տվյալ փաստի անտեսմամբ, նշված փաստարկը չօգտագործելով, մտադրություն կա հիմա էլ Բերձորն ու Սուսը, հետո թերևս նաև Աղավնոն մեր թշնամուն հանձնելու (կարծես մինչ այդ հանձնածը քիչ է), վկայում է այդ մտադրության բուն հեղինակի կողմից պետական դավաճանության նախապատրաստության մասին: Իրավապահների պարզելու խնդիրն է, թե տվյալ մտադրության բուն հեղինակն ո՞վ է` Արայիկ Հարությունյա՞նը, թե Նիկոլը…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան