Հրայր Թովմասյանի «գրիչի» գործով վճիռը բեկանվել է. Փաշինյանը Թովմասյանից ներողություն չի խնդրի

Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ «Փաստինֆոյի» տեղեկացմամբ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 17-ին մասնակի բավարարել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները։ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Փաշինյանին պատկանող էջով տարածել համապատասխան հերքումը, մասնավորապես՝ կատարել գրառում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Մինչ դատավճռի՝ օրինական ուժ ստանալը՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը քննվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի՝ գրավոր ընթացակարգով։

Դատարանը բավարարել է բողոքը՝ բեկանելով Հրայր Թովմասյանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցադիմումը մասնակի բավարարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և մերժել հայցը։
Հիշեցնենք, որ 2020թ հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։

«Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,-ընդգծել է վարչապետը, ինչին ի պատասխան Հ.Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել վարչապետին ապացույցներ ներկայացնելու համար:

«Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։
Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։
Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։

Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-հայտարարել էր Թովմասյանը:

Այս հայտարարությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն իբրև Փաշինյանին նվիրել էր Հրայր Թովմասյանը։

Փաշինյանի կողմից «ապացույցի» հրապարակումից հետո Հրայր Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար։