Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլի հայտարարությունները հաղորդում են նախապատրաստվող պետական դավաճանության մասին

Արտաքին ու ներքին թշնամիները, ձեռք- ձեռքի տված, Արցախը կանգնեցրել են նոր մարտահրավերների առջև: Բերձորը, Աղավնոն, Լաչինի միջանցքի մյուս համայնքներն ու Լաչինի միջանցքը թշնամուն հանձնելը նույնպես կործանարար և անհանդուրժելի է, որքան Արցախը, հետո, բնականաբար, նաև Հայաստանը կործանման տանող սահմանագծում- սահմանազատումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Հուսամ, որ վերոնշյալը գիտակցում է նաև Դիմադրության շարժումը, և, հետևաբար, իր բոլոր հնարավորություններն օգտագործելով, թույլ չի տա Բերձորի, Աղավնոյի, մյուս համայնքների ու Լաչինի միջանցքի հանձնումը թշնամուն, կկանխի Նիկոլի կողմից պետական դավաճանության կամ հայերիս դեմ ներքին թշնամու հերթական դավադիր քայլը, այլապես ո՞վ կարող է բացատրել, թե դրանից հետո ինչ արժեք ունի Նիկոլին նույնիսկ իշխանությունից հեռացնելը: Ի՞նչ է` նրանից հետո եկողները գալու են, որ ավերակների՞ վրա թագավորեն…

Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, որին պետական դավաճանության և երկրիս թիվ մեկ ներքին թշնամին համարելու բազմաթիվ հիմքեր ունեմ , ս. թ. հունիսի 27-ին փակ կամ ձևական «մամուլի ասուլիսի» ընթացքում պատասխանելով մի մասը բացահայտ, մի մասը թաքուն կերպով, բայց գրեթե բացառապես իշխանական թևի լրատվամիջոցների, ՀԿ-ների ներկայացուցիչների փոխանցած ու մի աղջնակի միջոցով ընթերցվող հարցերին, անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի հանձնման հարցին: Ըստ էության, դա ոչ թե մամուլի ասուլիս էր, այլ մամուլի ասուլիսի խայտառակ ծաղրապատկեր, բայց բուն թեմայից շատ չշեղվենք:

Հիշյալ «ասուլիսում» պատասխանելով այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասում Բերձոր, Աղավնո և մյուս համայնքների բնակիչներին, Նիկոլը բառացի ասել է հետևյալը. «Այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, այդ հատվածում, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»: Այսպիսով Նիկոլը հաստատել է, որ Բերձորը, Աղավնոն ու Լաչինի միջանցքում գտնվող մյուս համայնքները հանձնվելու են Ադրբեջանին, առնվազն հայտնել է նշված բնակավայրերն արտաքին թշնամուն հանձնելու իր մտադրության մասին:

Նույնիսկ Վիքիպեդիա` ազատ հանրագիտարանում է գրված . «Բերձոր, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար:

Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը…» (ընդգծումը` մերը):

Աղավնոն նույնպես, ըստ հիշյալ հանրագիտարանի , «Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար» (ընդգծումը` մերը):

Նիկոլը չի կարող չիմանալ Բերձորի և Աղավնոյի` ռազմավարական կարևորագույն հանգույցներ լինելու մասին, բայց, այնուհանդերձ, հանդես է եկել վերոնշյալ հայտարարությամբ, որը, ըստ էության, հայտարարություն է իր իսկ կողմից նախապատրաստվող պետական դավաճանության մասին, և գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն, որոնց համապատասխան աշխատակիցները նույնպես տեղյակ են Բերձորի և Աղավնոյի` ռազմավարական կարևորագույն հանգույցներ լինելուն, Նիկոլի տվյալ հայտարարությունը, ինչպես նաև սույն հրապարակումը պարտավոր են գնահատել հենց որպես հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին: Եվ, իհարկե, կգնահատեն` սկսած այն պահից, երբ տվյալ հարցը որոշողները քաղաքական պոռնիկներ չեն լինի:

Ի պատասխան այն հարցի, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Արցախը Հայաստանին կապող ճանապարհի հանձնման և այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին խոսակցությունները, Նիկոլն ասել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններում ներառված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն: Նիկոլն այսպիսով դիմել է մանիպուլյացիոն հնարքի, հերթական անգամ լկտիաբար ստել է, կեղծել: Հիմա հերթով…

Նիկոլը կարծում է, թե մարդիկ մոռացել են նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները, հետևաբար ինքը կարող է հեշտ ու հանգիստ ստել, մոլորեցնել հանրությանը: Այո, իր զոմբիները մոռացել են, բայց մյուսները, հատկապես արժանապատիվ հայերը հիշում են: Ոչ, նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններում Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն չի ներառված, Նիկոլը, կրկնում եմ, կեղծում է: Նախատեսված է բոլորովին այլ բան: Նախ, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 6-րդ կետի 1-ին պարբերության համաձայն (հայտարարության շարադրանքը հրապարակված է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կայքում հետևյալ հղմամբ ), «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Սա նշանակում է, որ քանի դեռ եռակողմ պայմանավորվածությունն ուժի մեջ է, այսինքն` պայմանավորվածության պահից առնվազն 5 տարվա ընթացքում Լաչինի միջանցքը գոյություն է ունենալու:

Երկրորդ. ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 2-րդ պարբերության, «Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով (ընդգծումը` մերը) երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի է Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ Հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ»։

Հարկ է ուշադրություն դարձնել պայմանավորվածության վերոնշյալ դրույթից «ասուլիսում» Նիկոլի բստրածի նուրբ, բայց էական տարբերությանը. եթե, պայմանավորվածության համաձայն, Լաչինի միջանցքը մնում է ու շարունակելու է գոյություն ունենալ, պարզապես կողմերի համաձայնությամբ երեք տարում Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրն է որոշվելու, ինչից ենթադրելի է, որ տվյալ որոշումից հետո է կառուցվելու այդ նոր երթուղին, ապա ըստ «ասուլիսում» Նիկոլի բստրածի, նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններում ներառված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն: Այսինքն` Արցախը Հայաստանին կապող երթուղին լինելու է, բայց այն կարող է Լաչինի միջանցքինը չլինել, Լաչինի միջանցքով չանցնել:

Նիկոլը նոր երթուղու` Լաչինի միջանցքով անցնելու պայմանավորվածության, ինչպես նաև տվյալ պայմանավորվածության խախտմամբ Լաչինի միջանցքով չանցնելու մասին «ասուլիսում» խորամանկորեն բառ անգամ չի ասում, չի ասում ընդհանրապես, թե նոր երթուղին որտեղով է անցնելու, թեև արդեն իսկ հրապարակված բոլոր տեղեկություններից պարզ է արդեն, որ Ադրբեջանի կողմից սիրահոժար կառուցվող նոր ճանապարհը Լաչինի միջանցքով չի անցնում, շրջանցում է այն, և Նիկոլը դրան դեմ չէ:

Երրորդ. ինչպես ակնհայտ է նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 6-րդ կետի 2-րդ պարբերությունից, Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը (ընդգծումը` մերը) կորոշվի առաջիկա 3 տարվա ընթացքում, այսինքն` նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից 3 տարվա ընթացքում (մինչև 2023թ. նոյեմբեր):

Հասկանալի է, որ միայն տվյալ ծրագրի որոշումից հետո կարող էր սկսվել նոր երթուղու շինարարությունը: Մինչդեռ դատելով նրանից, որ Ադրբեջանն արդեն կառուցում է Լաչինի միջանցքը շրջանցող նոր երթուղին, ավելին, ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների, մոտ է արդեն դրա ավարտին, Նիկոլն էլ այդ կապակցությամբ որևէ առարկությամբ հանդես չի եկել, ակներև է դառնում, որ վերոնշյալ ծրագիրը Ալիևի ու Նիկոլի միջև (կամ Ալիևի ու Նիկոլի հանձնարարությամբ ու համաձայնությամբ` նրանց համապատասխան ենթակաների միջև) վաղուց է որոշվել:

Չորրորդ. ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 2-րդ պարբերության, «Կողմերի համաձայնությամբ (ընդգծումը` մերը)՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը…», ինչից տրամաբանական է եզրակացնելը, որ քանի դեռ հիշյալ ծրագրի որոշման հարցում կողմերի համաձայնությունը չկա, նույնիսկ Լաչինի միջանցքով նոր երթուղու շինարարությունը չի կարող սկսվել:

Թե ինչու է Ալիևը շտապել վերոնշյալ ծրագրի որոշման հարցում, շտապել ու շտապում Լաչինի միջանցքը շրջանցող նոր երթուղու կառուցման հարցում, լիովին հասկանալի է: Առնվազն նրանց, ովքեր գիտեն, որ Նիկոլն Ալիևի հանցակիցը կամ առնվազն կամակատարն է, նույնպես լիովին հասկանալի է, թե`

  1. Հիշյալ ծրագրի որոշման հարցում ինչու է շտապել Նիկոլը:
  2. Ինչու չի օգտվել նոյեմբերի 9-ի պայմանավորվածության ընձեռած հնարավորությունից, որ նույնիսկ Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղի չի կարող կառուցվել, քանի դեռ դրա կառուցման ծրագիրը որոշված չէ կողմերի համաձայնությամբ:
  3. Ինչու է համաձայնել ու համաձայնում, որ երթևեկության նոր երթուղին շրջանցի Լաչինի միջանցքը, ինչու Ադրբեջանի կողմից, նոյեմբերի 9-ի պայմանավորվածության խախտմամբ, Լաչինի միջանցքը շրջանցող երթևեկության նոր երթուղու կառուցման դեմ չի բողոքում, չի առարկում, չի հայտարարում դրան իր կամ Հայաստանի անհամաձայնությունը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան