Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ալեքսեյ Գորդեևին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, և հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը և չընդհատվող օրակարգերի առկայությունը:
Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի և միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները:
Հանդիպմանը քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին: