«Պատիվ ունեմ» խմբակցության անվանումը կպահպանվի, ուղղակի դրանում ներկայացված չեն լինի «Հայրենիք» կուսակցության անդամները․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

««Պատիվ ունեմ» խմբակցության անվանումը կպահպանվի, ուղղակի դրանում ներկայացված չեն լինի «Հայրենիք» կուսակցության անդամները։ Ես անկուսակցական պատգամավորներին կամ նրանց, ովքեր հետագայում կարող են անցնել նաև Ազգային ժողով՝ այդ հրաժարականների դեպքում, ասել եմ, որ նրանք ազատ են իրենց որոշումների մեջ․ այսինքն կարող են մնալ և կարող են չմնալ»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանն ասաց, որ ժողովուրդն իրենց տվել է մանդատ՝ այս իշխանություններին վռնդելու համար։ «Ինձ չի տվել իմ ընտրողը մանդատ, օրինակ՝ «Սնդիկի մասին» օրենքը քննարկելու։ Ինչքան էլ դա շատ կարևոր օրենք լինի, մենք մեր խորհրդարանում ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունների համար նրանց զինվորական համազգեստով անվտանգության ծառայողներն ամբիոնից ուղղակի վերցնում ու դուրս են շպրտում։ Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են իրենց թվաքանակով իշխող խմբակցության պատգամավորները լկտի պահվածք ցուցաբերում մնացածի նկատմամաբ։ Մենք ականատես ենք եղել, որ իրենք որևէ կառուցողական աշխատանք չեն կարողանում տանել։ Ես գնամ պառլամենտում ի՞նչ անեմ»,-ասաց նա։

«Ես առհասարակ բարձր եմ գնահատում մարդկային հարաբերությունները ․ «Դիմադրություն» շարժման մեջ ընդգրկված մարդիկ, իմ գործընկերներն են, իմ ընկերներն են և պայքարում են նույն նպատակի համար։ Այս փուլում, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի շարունակել մեր պայքարը նույն նպատակի համար տարբեր ուղղություններով։ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է երկրորդ փուլի մասին, ես ասում եմ, որ այո, նույն նպատակին հասնելու համար գնալու եմ այլ ճանապարհով։ Ես չեմ կարող չլինել մի տեղ, որտեղ պայքարում են նպատակի համար, որի համար ես եմ պայքարում»,– ասել է նա։

Հարցին, թե «Դիմադրություն» շարժումն էլ է փողոցային պայքար տանում, գնում մարզեր, հանդիպում մարդկանց հետ, ինչու չեն միասին անում նույն բան, արդյոք նպատակները չեմ համընկնում, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ նպատակները համընկնում են, սակայն այս փուլում այդ նպատակին հասնելու ուղիների հարցում որոշակի տարբերություններ կան։

Հարցին, թե որոնք են տարբերությունները, Վանեցյանն ասել է․ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը և մնացած գործողությունները կտեսնեք»։

Արթուր Վանեցյանը չի համաձայնել հաղորդավարի հարցին, թե շարժումը չի հաջողել։ Նա նշել է, որ շարժումը պարզապես այս փուլում չի հասել իր նպատակին և շարունակում է պայքարը։ Ըստ նրա՝ շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերը, նաև միջազգային հանրությանը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների, չի կարող Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի։

Նա նաև նշել է, որ պայքարի մեջ է լինելու այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին։ «Ես լինելու եմ այս պայքարի մեջ մինչև մեր վերջնական նպատակին հասնելը։ Դա կլինի, Ազատության հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում, գյուղում, քաղաքում, թե որտեղ, դա կարևոր չէ։ Ես Ազատության հրապարակում ասել եմ, որ ես խորհրդարան չեմ վերադառնալու, և ես խորհրդարան չեմ վերադառնում, շարունակում եմ իմ գործունեությունը»,– ասել է նա։

Հաղորդավարի դիտարկմանը, թե շատերը շարժման այս փուլի ձախողումների մեջ մեղադրում են Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանն ասել է, որ որևէ մեկը իրավունք չունի Սաղաթելյանին քննադատելու, քանի որ նա առաջին օրվանից նվիրումով մտել է պայքարի մեջ, ահռելի գործ է արել շարժման համար։

Հաղորդավարը նշել է, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուց օրեր առաջ Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ Իշխան Սաղաթելյանն է շարժման առաջնորդը։ Հարցին, թե ինչու հենց նա, այլ ոչ այլ մեկը, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ շարժման առաջին իսկ օրվանից հայտարարել են, որ չկան առաջնորդներ, սա ազգային պայքար է։ Վանեցյանը նաև նշել է, որ Իշխան Սաղաթելյանն էր կատարում համակարգման ողջ աշխատանքը և ունեցել է մեծ ներդրում պայքարում։