Ուկրաինական զորքերը Դոնբասում օրական կորցնում են մինչև հազար զինվոր

Դավիդ Արախամիան, որը գլխավորում էր Կիևի պատվիրակությունը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում, պնդում է, որ ուկրաինական զորքերը օրական կորցնում են Դոնբասում մինչև հազար զինվոր, իսկ ուկրաինական բանակի միջին օրական կորուստները գնահատում է 200-500 մարդ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամերիկյան Axios պորտալի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում այցով գտնվող Արախամիան այս թվերն է հայտնել գերմանական Մարշալի հիմնադրամում ուկրաինական խնդիրների շուրջ քննարկման ժամանակ։ Ընդ որում, նրա հայտարարությունները էապես տարբերվում են ինչպես Կիևի պաշտոնական տվյալներից, այնպես էլ Պենտագոնի տեղեկություններից։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին ասել էր, որ օրական 60-100 ուկրաինացի զինվոր է մահանում, քանի որ Ռուսաստանն ակտիվացնում է իր առաջխաղացումը դեպի Դոնբաս: Դավիդ Արախամիայի խոսքով՝ վերջին երկու շաբաթում այդ թիվը զգալիորեն աճել է։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում մեկ միլիոն մարդ է զորակոչվել բանակ և կա ևս երկու միլիոն մարդու հավաքագրելու հնարավորություն, ուստի «մենք ուժ ունենք՝ Դոնբասում պայքարը շարունակելու համար»։

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, պատասխանելով ուկրաինացիների զոհերի թվի մասին հարցին, ասել է, որ դժվար է գնահատել, սակայն ավելի վաղ մամուլում հայտնված հաղորդագրություններն օրական մոտ 100 սպանվածի և մինչև 300 վիրավորի մասին «մեր գնահատականների մակարդակի էին»։

Այն, ինչ պակասում է Ուկրաինային, նշել է Արախամիան, զենքն ու զինամթերքն է՝ «21-րդ դարի ամենամեծ մարտերից մեկում» Ռուսաստանին դիմակայելու համար: «Մեր բանակցային դիրքերն իրականում բավականին թույլ են, ուստի մենք չենք ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե այդպիսի դիրքում ենք»:

Չորեքշաբթի գերմանական Մարշալի հիմնադրամում կլոր սեղանի ժամանակ Արախամիան և պատվիրակության այլ անդամներ նշել են, որ, չնայած Բայդենը մայիսին ստորագրեց Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, այն միայն աստիճանաբար է իրական զենքի մատակարարումների վերածվել:

Մինչդեռ Ուկրաինայի գործընկերները, հատկապես՝ Եվրոպայում, սկսում են կենտրոնանալ իրենց սեփական պաշարների համալրման վրա, ոչ թե՝ Ուկրաինային զինելու, ասել է Արախամիան: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը շարունակում է մեծ դժկամությամբ հաստատել Ուկրաինայի համար զենքի արտահանման լիցենզիաները՝ հավանաբար Ռուսաստանի հանդեպ «ներքին վախի» պատճառով։

Մինչ պաշտոնական բանակցությունները սառեցված են, Արախամիան հայտարարել է, որ ինքը և իր թիմը հեռախոսով զրուցում են ռուս գործընկերների հետ «շաբաթը մեկ կամ երկու անգամ»՝ ստուգելու համար, թեև «երկու կողմերն էլ պարզ հասկանում են, որ այս պահին բանակցություններ չեն կարող լինել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: