ԱՄՆ-ը անհանգստացած է ուկրաինական զորքերի իրավիճակով․ Բլինկեն

ԱՄՆ-ն անհանգստացած է ուկրաինական զորքերի իրավիճակով և նշել է, որ աշխատում են 24/7՝ ապահովելու նրանց անհրաժեշտ ամեն ինչով, PBS-ի եթերում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել Կիևի բողոքները կրակային հզորության մեջ ռուսական ուժերի ճնշող գերազանցության վերաբերյալ, ինչպես նաև զենքի և զինամթերքի պակասի վերաբերյալ:

«Առաջնագծում՝ մարտի դաշտում, հսկայական տառապանք կա: Ուկրաինացիները դա զգում են, նրանք տառապում են դրանից: Մենք խորապես մտահոգված ենք դրանով, բայց մենք աշխատում ենք 24/7՝ ապահովելու նրանց այն ամենով, ինչ անհրաժեշտ է», – պատասխանել է Բլինկենը՝ նկատի ունենալով «շատ ինտենսիվ մարտերը Դոնբասում և Ուկրաինայի հարավում»:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր Բրյուսելում տասնյակ երկրների գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայի պաշտպանական կարիքները։

«Մենք վճռական ենք տրամադրելու Ուկրաինային այն, ինչ անհրաժեշտ է այս ագրեսիայի դեմ պայքարելու համար և, ի վերջո, ամրապնդել իր դիրքերը ցանկացած բանակցություններում, երբ դրանք տեղի ունենան», – ասել է Բլինկենը:

Պետքարտուղարը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե անխուսափելի՞ է համարում արդյոք Ուկրաինայի տարածքային զիջումները։

«Ուկրաինայի ապագան որոշում են իրենք՝ ուկրաինացիները: Դա ուկրաինացի ժողովրդի որոշելիքն է: Ի վերջո, այդ որոշումները կկայացնի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, ներառյալ նախագահ Զելենսկին: Նա պետք է որոշի, թե ինչն է բխում իր երկրի, ժողովրդի գերագույն շահերից, և մենք կաջակցենք դրան»,- ավելացրել է Բլինկենը։