Բերձորով «միջանցքի» հանձնումը բերելու է Արցախի ամբողջական հանձնմանը

Ասօր Արցախը ՀՀ-ին կապում է Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը՝ «միջանցքը»։

Այդ «միջանցքով» են անցնում Արցախ մտնող միակ գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախոսակապը, ինտերնետ կապը և այլն։

Այսօր Ադրբեջանը մեծ թափով կառուցում է Արցախը ՀՀ-ին կապող նոր՝ Ստեփանակերտ-Մեծ Շեն-Հին Շեն-Կոռնիձոր ճանապարհը, որն իբր եռակողմ հայտարարության համաձայն՝ պիտի «փոխարինի» Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 2022 թ. հուլիսի 1-ին Ալիևը Բերձորում դրոշ է բարձրացնելու և հայտարարելու է քաղաքի ու նախկին խորհրդային Լաչինի շրջանի ամբողջական բռնազավթման մասին։ Միամիտ պիտի լինել՝ մտածելու համար, որ Ալիևի առաջնային նպատակը Բերձոր քաղաքն ու մոտակա մի քանի դեռևս հայաբնակ գյուղերն են։

Ալիևի առաջնային նպատակը Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ «միջանցքի» բռնազավթումն է, որտեղով, կրկնեմ, ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ ՄՏՆՈՂ

-ՄԻԱԿ ԳԱԶԱՏԱՐԸ,

-ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՂԻՆԵՐԸ,

-ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԸ,

-ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԸ և ԱՅԼՆ։

Ի տարբերություն հայկական կողմի՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ երբ իր ձեռքում հայտնվի Արցախը սնուցող միակ «պորտալարը», Արցախի հայաթափումն ու վերջնական նվաճումը էլ ավելի հեշտ է լինելու և շատ ավելի արագ։

Ալիևը դասը սերտած գերազանցիկի պես հստակորեն կրկնում է «Արցախը բռան մեջ պահելու և ցանկացած պահին խեղդելու» իր հոր և նրան նախորդածների քաղաքականությունը․ խորհրդային տարիներին, երբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին, և նրա մի մասի վրա ձևավորվեց ԼՂԻՄ-ը, մարզը սնուցող բոլոր կարևորագույն ենթակառուցվածքները՝ ջրամատակարարման, գազամատակարարման, էներգամատակարարման բոլոր կայանները, ճանապարհային հանգույցները և այլն, կառուցվեցին մարզի սահմաններից դուրս, որ երբ պետք լինի, կտրեն ջուրը, լույսը, գազը, փակեն ճանապարհներն ու մարզը զրկեն անգամ սննդից։ 1991-1992 թթ․ նրանք հենց այդպես էլ արեցին․ կար շրջան երբ արցախցին, մութ ու ցուրտ նկուղներում ապաստանած, ոչ ջուր ուներ, ոչ սնունդ, մեկ շնչին մեկ ամսվա համար ընդամենը 400 գրամ ալյուր էր բաժանվում․․․

Բերձորը, ասել է թե՝ Արցախը սնուցող բոլոր կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներն ու հաղորդուղիները թշնամուն հանձնելով մենք փաստացի թշնամուն ենք հանձնելու Արցախից մնացած այս վերջին կտորն էլ՝ միաժամանակ դատապարտելով վերջնական հայաթափման ու ադրբեջանականացման, որովհետև երբ երեխադ ինքնուրույն շնչելու հնարավորություն չունի, իսկ դու կտրում ես նրան սնուցող թթվածնի խողովակը, երեխադ ապրելու շանս չունի, դու էդպես սպանում ես նրան, ուրիշ ոչինչ․․․

 

Ալվինա Աղաբաբյան

«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ