Երվանդ Քոչարին նվիրված օրեր Կինոյի տանը՝ հայտնի և քիչ հայտնի ֆիլմեր, պրեմիերա

Հունիսի 15-ին՝ հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից հանճարեղ Երվանդ Քոչարի ծննդյան օրը, Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում կներկայացվեն երեք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք տարբեր ժամանակներում անդրադարձել են Երվանդ Քոչարին, վավերագրել են Քոչար երևույթին:

«Եթե Արա Վահունու «Էլեգիա» ֆիլմը համեմատաբար ծանոթ է հանդիսատեսին, ապա 1972 թվականին ռեժիսոր Գևորգ Ալագյոզյանի նկարահանած՝ «Երվանդ Քոչար» ֆիլմը քիչ է հայտնի հանդիսատեսին, մինչդեռ Մաեստրոյին վավերագրած բացառիկ ֆիլմերից է, իսկ Ռուբեն Քոչարի «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» ֆիլմը բացահայտում է Վարպետին այլ կողմերից:

Եվ այսպես. հունիսի 15-ին, ժամը 19:00-ին դիտում ենք նշված ֆիլմերը Քոչարի ընտանիքի անդամների ներկայությամբ և խոսում ենք Երվանդ Քոչար մեծության մասին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։

Հունիսի 16-ին ժամը 19:00-ին Կինոյի տան փոքր կինոդահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն) պրեմիերա  է՝ «Կալիոստրո» (ըստ Երվանդ Քոչարի համանուն պիեսի)։
Քչերին է հայտնի, որ Երվանդ Քոչարը նաև պիեսի հեղինակ է և բացառիկ երևույթ է, երբ էկրանավորվում է Վարպետի գրական ստեղծագործությունը։
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակն է՝ Ռուբեն Քոչարը, ֆիլմի երաժշտությունը՝ Ավետ Տերտերյանի։

Մուտքն ազատ է երկու օրերին էլ: