Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 13-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց։ Այս մասին հայտնել է Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, նշելով որ իրենք վերաքննիչ բողոք կներկայացնեն։

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնեական կեղծիք:

Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) և «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

Ստացված ձայներից առավելագույն՝ 3870 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։