Արդ մտածե՛ք և եղե՛ք Ռուսուքան իշխանուհու և Բոլորահարի միաբանության նման

Հոյակերտ խաչքարերի այս բեկորներն Արզականի մոտակայքում գտնվող Բոլորահարի (Գհուկի) վանական համալիրում են՝ Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա։

Գիտակցեցի՞ք՝ որքա՞ն մոտիկ է Երևանին։ Եվ հենց այստեղ դուք կարող եք կարդալ միջնադարյան արձանագրության այս պատառիկը՝ «Խաչենի տեր Վախտանգի որդի Վասակի դուստր Ռուսուքանս 1250թ․ կամոքն Աստծո գնեցի Ձիթենյաց այգու քառորդը [և] տվեցի սուրբ ուխտին»։

Այսօր ոմանց թվում է, թե Արցախում գտնվող Խաչենն իբր հեռու և ոչ հարազատ մի վայր է, մինչդեռ դեռևս 13-րդ դարում Խաչենի տան իշխանուհի Ռուսուքանը ոչ միայն այցելում էր Արզական, այլ նաև հենց տեղում գնում և Բոլորահարի սուրբ միաբանությանը նվիրում Ձիթենյաց անվանումով մոտակա վայրի այգու մի մասնաբաժին։

Սա ցույց է տալիս, որ նույնիսկ դժնդակ միջնադարում մեր նախնիները որևէ տարբերություն չէին դնում մեր մեծ Հայրենիքի սրբազան հողի և ոչ մի հատվածի միջև։

Արդ մտածե՛ք և եղե՛ք Ռուսուքան իշխանուհու և Բոլորահարի միաբանության նման, քանզի ներկայիս Հայաստանը և Արցախը նույնպես մեկ միասնական ու անքակտելի հայկական մարմնի երկու մասերն են, որոնցից յուրաքանչյուրի կորուստը այդ մարմինն անդառնալիորեն կդարձնի անդամալույծ։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից