Ջրբաժան հայի ու հակահայի միջև

Փաշինյանն ու իր թիմը հույսեր են փայփայում, թե Համազգային դիմադրության շարժման ակցիաները շուտով կավարտվեն, մարդիկ կհոգնեն, կսպառվեն ու շարժումը կմաշվի։ Իր ցանկության մասին, ի դեպ, Փաշինյանն անգամ խորհրդարանում բարձրաձայնեց: Ի պատասխան իշխանության սին հույսերի, Դիմադրության շարժման մասնակիցներն ամեն օր իրենց գործողություններով վերահաստատում են, որ հայրենիքի համար մղվող պայքարում հոգնել չկա, նահանջ չկա, սա հանուն Հայաստանի ինքնիշխանության, հանուն Արցախի հայկականության ու հայ ժողովրդի` իր հայրենիքում արժանապատիվ ապագա ունենալու համար մղվող պայքար է:

Իսկ ազգային ազատագրականի վերածվող շարժումը ոչ միայն չի մարում, այլև հաշվարկները փաստում են, որ շարժման երեկոյան երթերն ավելի մարդաշատ են դառնում։ Վերկուսակցական, գաղափարական, համազգային պայքարը կարող է ավարտվել միայն մեկ դեպքում` իշխանության ղեկից Փաշինյանի և իր հակահայ թիմի հեռացմամբ։

ՉԿԱՅԱՑԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ

Հունիսի 3-ին ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին իշխանական պատգամավորների չմասնակցությամբ գծվեց քաղաքական ջրբաժանը։ Եվ սա ոչ թե «սևի ու սպիտակի» փաշինյանական պառակտում է, այլ հայի ու հակահայի ջրբաժան:

Փաշինյանի թիմը, չմասնակցելով արտահերթ նիստին՝ հերթական անգամ ի ցույց դրեց իր հակահայկականությունը, իսկ նույն օրը երեկոյան դա հաստատեց Դեմիրճյան-Պռոշյան փողոցների հատվածում ոստիկանների կողմից իրականացված սադրանքով` ծեծուջարդով:

Ո՞րն էր ընդդիմության կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները շրջանառության մեջ դրեցին 7 կետից բաղկացած հայտարարության նախագիծ, որը վերաբերում է Արցախի կարգավիճակին և հայ- թուրքական հարաբերություններին։ Նկատենք, որ հայտարարության տեքստի հիմքում Անկախության հռչակագրի դրույթներն են, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ընդդիմությունը հստակ սահմանեց երկրի արտաքին քաղաքականության կարմիր գծերը, դրանք դրեց նիկոլական պատգամավորների առաջ` ակնկալելով պատասխան՝ որպես իշխանություն ժառանգո՞րդն են հայկական պետականության գերակայությունների, հաստատո՞ւմ են իրենց նվիրվածությունն այդ ամենին, գիտակցո՞ւմ են, որ այդ կարմիր գծերի խախտումը կորստաբեր կլինի Արցախի, և առհասարակ, Հայոց պետականության համար:

Ի՞նչ կատարվեց․ կոնկրետ դիրքորոշում արտահայտելու փոխարեն, ՔՊ-ականները չմասնակցեցին արտահերթ նիստին, բոյկոտեցին, ու Հայաստանի սուվերենության, Արցախի անկախությանը վերաբերող կարևոր նախագծի քննարկումը չկայացավ։ Իշխանության քայլը փախուստ էր պատասխանատվությունից, նրանք դրանով պարզ ասացին` իրենց համար չկան կարմիր գծեր: Արտահերթը բոյկոտելը հերթական լակմուսի թղթի դերը խաղաց՝ պատռելով նիկոլականների հակահայկական դեմքը։ Ադրբեջանական կողմում սա ցնծությամբ ընդունվեց, թշնամական երկրի լրատվամիջոցներում հայտնվեցին փաշինյանական պատգամավորների բոյկոտը ողջունող հոդվածներ: Սա հստակ ցուցիչ էր` ՔՊ-ի թշնամական, հակահայկական քայլը ադրբեջացիների ու թուրքերի սրտով էր։

Արտահերթի չկայացումը մեկ այլ վտանգավոր երևույթ ևս փաստեց։ Չնայած ՀՀ-ը համարվում է խորհրդարանական երկիր, որտեղ, ըստ օրենքի՝ Կառավարությունը հաշվետվու է առաջնային մանդատ ունեցող Ազգային ժողովին, սակայն Նիկոլի Հայաստանում օրենսդիրն անդեմ մարմին է, այն կցորդն է Կառավարության: Օրենսդիրը թելադրվում է մեկի կողմից, և այդ մեկը Փաշինյանն է։ Այսինքն, նիկոլի Հայաստանում գործում է մեկ օրենք, դա` «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ» հրահանգն է։ Եվ ՔՊ-ական 77 պատգամավորներն այդ հրահանգին հլու-հնազանդ՝ չմասնակցեցին ընդդիմության հրավիրած արտահերթին: Հերթական անգամ ապացուցելով, որ իրենք որոշումներ կայացնողներ չեն, սեփական կարծիք ունեցողներ չեն, նրանք պետության շահերը սպասարկողներ չեն, անդեմ կատարածուներ են, մեկի հրահանգ կատարողներ են: Իրենք` Նիկոլի ուսապարկերն են, անկեղծ գնահատական, որ հնչել է ՔՊ-ականներից մեկի կողմից:

ԿԻՆ, ԾԵՐ ՈՒ ԵՐԵԽԱ ԾԵԾՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է

Հունիսի 3-ը, սակայն միայն իշխանական պատգամավորների բոյկոտով չավարտվեց: Այդ օրը երեկոյան Նիկոլի հրահանգի` «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»-ի կատարածուներ դարձան նաև ոստիկանները:

40 օրից ավելի շարունակվող Դիմադրության շարժման բոլոր ակցիաները մշտապես կրել են խաղաղ բնույթ, ընդդիմության առաջնորդների կողմից երբևէ չեն հնչեցվել բռնության կոչեր, հակառակը` մասնակիցներին հրահանգվել է լինել զգոն, զգույշ և տուրք չտալ իշխանության սադրանքներին։ Նույն խաղաղ ակցիան իրականացվեց նաև հունիսի 3-ին: Հիշենք, երբ ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից ուղղվեցին դեպի Կառավարության շենք, լուր տարածվեց, ապա նաև տեսանյութ շրջանառվեց, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը աշխատանքային ժամը չավարտված` ժամը 5-ին, իր ավտոշարասյունով հեռանում Կառավարությունից: Սա ուղղակի նիկոլի փախուստն էր իրականությունից…

Ակցիայի մասնակիցները որոշեցին ուղղվել դեպի կառավարական ամառանոցներ: Այստեղ էլ իրենց բողոքի խաղաղ ակցիան ավարտելուց հետո (բռնության որևէ կոչ չի հնչել) Իշխան Սաղաթելյանն առաջարկեց երթը շարունակել Դեմիրճյան փողոցով, և դիմեց ոստիկաններին` բացել փողոցը: Բայց փողոցը ոչ միայն չբացվեց, այլև արհեստականորեն արգելք ստեղծելով` սև ու կարմիր բերետներն ուղղակի սադրանք հրահրեցին, նախ օղակի մեջ առան խաղաղ ակցիայի մասնակիցներին, հետո դաժան ծեծի ենթարկեցին մարդկանց:

Հիշեցնեմ` մասնակիցների մեջ կային կանայք, ծերեր, անչափահաս երեխաներ, հաշմանդամներ, 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների ծնողներ, հարազատներ, Փաշինյանի թրքամետ քաղաքականության հետևանքով տնազրկված արցախցիներ…

«Հավաքների ազատության մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանը պարտավոր է աջակցել խաղաղ հավաքին: Հունիսի 3-ի երեկոյան Դեմիրճյան-Պռոշյան հատվածում ոստիկանները ոչ թե օրենքի պաշտպանի դերում էին, այլ սադրիչների, որոնք խաղաղ ակցիա իրականացնող մարդկանց դեմ կիրառեցին բռնություն, գործադրեցին բիրտ ուժ, օգտագործեցին մարդկանց կյանքի համար վտանգավոր հատուկ միջոցներ` լուսաձայնային նռնակներ, ու այդ ամենն արվեց անհիմն: Իզուր չի ասվում` կին, ծեր ու երեխա ծեծողները, կնոջ մազ քաշողները, ընկածի քացով հարվածողները, երեխաների ձեռք ու ոտք ջարդողները ոստիկաններ չեն, նրանք հանցագործներ են:

Ոստիկանների կողմից դրսևորված աննախադեպ բռնությանն անդրադարձել է Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, մեջբերեմ մեկ հատված. «Ցուցարարներից մեկին ոստիկանության մի քանի ծառայողներ գցեցին գետնին՝ բռունցքով հարվածելով դեմքին։ Մեկ այլ ցուցարարի բերման ենթարկեցին՝ մի քանի հոգով քաշքշելով հագուստից և հարվածելով ոտքով։ Մի քանի րոպե անց ոստիկանները հարվածներով բերման ենթարկեցին ևս մեկ ցուցարարի, այնուհետև խմբով ծեծի ենթարկեցին ուրիշին՝ մի քանի հոգով բռունցքներով հետևից հարվածներ հասցնելով։ Հավաքի մասնակիցներին ծեծի ենթարկելու և հարվածելու մի շարք այլ դեպքեր են արձանագրվել հավաքի վայրից հեռարձակող լրատվամիջոցների տեսանյութերում։ Տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանության երկու ծառայողներ ծեծում բերման ենթարկվող քաղաքացուն, որից հետո այլ ոստիկան արգելում տեսանկարահանումը։ Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժի միջոցով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց»։

Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ ոստիկանների գործողություններում դրսևորված աննախադեպ բռնություններն արձանագրված են համարակալված տեսանյութերում։

ՔՈՔԻՑ ՄԱՇՎՈՂԸ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ է

Այսպիսով, հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած վայրագությունները փաստում են, որ ազգային ազատագրականի վերածված շարժումը մաշեցնելու մասին երազող Նիկոլի նյարդերն այլևս տեղի են տալիս: Քոքից մաշվում է փաշինյանական ռեժիմը, որի միակ հենարանը մնացել է վայրագությունների դիմող, մերումանուկ ծեծող հանցագործների վերածված ոստիկանությունը, թրքասեր օլիգարխների խմբակը` ՔՊ-ական հայտնի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխավորությամբ:

Հունիսի 3-ին տեղի ունեցածի քաղաքական, բարոյական, իրավական ողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանն ու նրա գործողություններին սատարողների ՔՊ-ական խմբակը:

Այո, ջրբաժանը գծված է` դա հայի ու ոչ հայի սահմանն է…

Ա. Ս.