Նենգ ու խորամանկ գազանը, որի անունն է Թուրքիա, նպատակ ունի ոչ միայն բռնազավթելու, այլև նախապատրաստվելու. 2

Սկիզբը` այստեղ 

Թեև Սիրիան Թուրքիային իր տարածք ներխուժելու և ռազմական նոր գործողության առնչությամբ արդեն մեղադրել է խայտառակ ագրեսիայի և էթնիկ զտումների մեջ, ավելին` Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսն իրավունք ունի բոլոր լեգիտիմ միջոցները կիրառելու` Թուրքիայի ագրեսիան հետ մղելու համար, բայց, ինչպես արդեն նշեցինք, Սիրիան Թուրքիայի դեմ չի պատերազմի, առավելագույնը սահմանի մի քանի հատվածներում խորհրդանշական բնույթի սահմանափակ ու կարճատև դիմադրություն ցույց կտա: Թե ինչպե՞ս կվարվեն Սիրիական Քրդստանի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները` կնահանջե՞ն հիշյալ 30 կիլոմետրանոց գոտուց, թե կկռվեն մինչև վերջ, այս պահին դժվար է ասել:

«Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, Էրդողանն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին մեղադրել է, Թուրքիայի համար անվտանգության գոտի ստեղծելու իրենց պարտավորությունները չկատարելու մեջ: Ինչպե՞ս են արձագանքել Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս մեղադրանքին, ինչպես նաև Սիրիայում Թուրքիայի ռազմական նոր գործողությանը:

Մեղադրանքի առնչությամբ առայժմ լռություն է: Գործողության վերաբերյալ Մոսկվան դեռ լռում է` Թուրքիայի հետ հարաբերություններն անիմաստ չլարելու նկատառմամբ, ինչն ՌԴ-ին ձեռնտու չէ: Առաջիկայում էլ, քանի դեռ Ուկրաինայում չի հասել իր նպատակներին ու հատուկ ռազմական գործողությունը չի ավարտել, Մոսկվան դժվար թե դատապարտի Անկարային Սիրիա ներխուժելու համար, որովհետև դատապարտմանը պետք է հաջորդի զորքերը հետ քաշելու պահանջը, իսկ դրա չկատարման դեպքում պահանջի կատարման հարկադրումը, ինչը, ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանն իրեն հիմա չի կարող թույլ տալ:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա այն կեղծավորաբար դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի նոր գործողությանը` քրդերի համար նախատեսելով ընդամենը հայտարարություն, և ոչինչ` դրանից ավելին: Եվ սա` այն դեպքում, երբ Սիրիայում Թուրքիայի ռազմական նոր գործողությունը, հենց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի խոստովանությամբ, սպառնում է խաղաղ բնակչությանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ցանկացած նոր հարձակողական գործողություն կխաթարի կայունությունը տարածաշրջանում: Նա նշել է, որ Վաշինգտոնը դեմ է մերձավորարևելյան պետության տարածքում անցկացվող Թուրքիայի ռազմական գործողությանը։

«Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիսում ցանկացած սրացման, մենք դեմ ենք հանդես գալիս և աջակցում ենք ներկայիս հրադադարին,- ասել է Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։- Մեզ անհանգստացնում է. որ նոր հարձակողական ուժերը կարող են խաթարել կայունությունը տարածաշրջանում և օգտագործել այն իրենց նպատակների համար»:

Ի՞նչ ուժերի է նկատի ունեցել Բլինկենը` «նոր հարձակողական ուժերը» ասելով` Թուրքիայի զինված ուժերի նոր զորախմբերի՞ն, Սիրիայի բանակի՞ն, Սիրիայում դեռ գտնվող ահաբեկչական կազմավորումներին կամ դրանց մնացորդների՞ն, թե ՌԴ զինված ուժերին… Այս հարցին անսխալ պատասխանելը դժվար է, բայց կարելի է անսխալ եզրակացնել, որ ԱՄՆ-ը հերթական անգամ ցույց է տալիս իր պոռնկական քաղաքականությունը` ի տարբերություն Ուկրաինային ցուցաբերվող ռազմական և այլաբնույթ աջակցության, այս դեպքում սահմանափակվելով ընդամենը հայտարարությամբ:

Բլինկենը կարո՞ղ է պատասխանել, օրինակ, այս հարցերին, թե Սիրիա Թուրքիայի ներխուժման համար Միացյալ Նահանգներն ինչո՞ւ, օրինակ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կամ գոնե «Stinger» («Սթինգեր») դյուրաշարժ զենիթահրթիռային համալիրներ, «Джавелин» («Ջավելին») դյուրաշարժ հակատանկային հրթիռային համալիրներ չի ուղարկում Սիրիայի քրդական կազմավորումներին, ինչպես Ուկրաինային է ուղարկել, ինչո՞ւ անհատական պատժամիջոցներ չի կիրառում Էրդողանի, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների և ֆինանսատնտեսական պատժամիջոցներ` Թուրքիայի նկատմամբ. չի սառեցնում Թուրքիայի կենտրոնական և այլ բանկերի հաշիվները, նրանց չի անջատում SWIFT վճարային համակարգից, թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո չի հայտարարում… Իհարկե՛ չի կարող պատասխանել:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան Սիրիայում իր ռազմական նոր գործողությամբ… Մեկն արդեն պարզ է` Սիրիայի տարածքից հազարավոր քառակուսի կիլոմետրեր բռնազավթելը և իրեն փաստացի բռնակցելը: Բայց կա նաև երկրորդ նպատակը. Սիրիայի տարածքում ևս ազատվել քրդական թնջուկից: Ընդգծենք, որ Թուրքիան ավելի վաղ սկսել և այժմ զուգահեռաբար ռազմական խոշոր գործողություն է իրականացնում Իրաքի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ։ Ակնհայտ է, որ Թուրքիան ինչ-որ վճռական բանի է նախապատրաստվում և աշխատում է դրանից առաջ իր համար լուծել քրդական վտանգի խնդիրը, չեզոքացնել այն:

Իսկ ինչի՞ն է նախապատրաստվում` պատերազմին Հունաստանի՞ հետ, պատերազմին Սիրիայի և Ռուսաստանի՞ հետ, երբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Սիրիան և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կպահանջեն իրենից դուրս գալ Սիրիայի գրավյալ տարածքներից, թե մեր տարածաշրջանում Ադրբեջանի հետ միասին Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի դեմ պատերազմին, երբ Արցախի մնացած մասը, Սյունիքը տիրելու և պանթուրքական ծրագրի իրականացման իրենց` թուրք- ադրբեջանական տանդեմի փորձերին ռազմական հակահարված կտրվի… Թողնենք, որ այս հարցին էլ ընթերցողը պատասխանի, ինքը հետևություններ կատարի:

 

Արթուր Հովհաննիսյան