Նենգ ու խորամանկ գազանը, որի անունն է Թուրքիա, նպատակ ունի ոչ միայն բռնազավթելու, այլև նախապատրաստվելու

Նենգ ու խորամանկ գազանը, որի անունն է Թուրքիա, հունիսի 1-ին իր բանակը, ավելի ճիշտ, բանակի հավելյալ զորակազմեր մտցնելով Սիրիա, սկսել է նոր և արդեն լայնածավալ ռազմական գործողություն, որը ներկայացնում է իբրև հակաահաբեկչական, աշխարհում մոդայիկ այդ փաթեթավորմամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես երեկ տեղեկացրեց «Коммерсантъ»-ը, հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Նրա խոսքով` սկսվում է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից 30 կմ դեպի ներս «անվտանգության գոտու» ձևավորումը։

Դեռ անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր իր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներն ավարտելու պլանների մասին: Հաշվի առնելով, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանը 822 կիլոմետր է, ուրեմն խոսքը Սիրիայի տարածքից ավելի քան 24 600 քառակուսի կիլոմետրի, այսինքն` գրեթե Հայաստանի տարածքի չափ մի տարածքի բռնազավթման մասին է, որի մի մասը մինչև հունիսի 1-ն արդեն իսկ բռնազավթված էր:

Նոր ռազմական գործողության մեկնարկի մասին նախապես հայտարարելու նպատակը երկուսն էր. առաջինը` նախապես պարզել Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արձագանքը, երկրորդը` ցույց տալ, որ Թուրքական բանակը ռազմական այնքան մեծ գերազանցություն ունի Սիրիական Քրդստանի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ու, միաժամանակ, նույնիսկ Սիրիական բանակի նկատմամբ, որ բնավ չկա անակնկալ հարձակման կարիք:

Էրդողանը պնդել է, որ Սիրիական Քրդստանի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որոնք Անկարան Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, «շարունակում են հարձակումները Թուրքիայի և Սիրիայի խաղաղ բնակչության վրա»։ Մինչդեռ, «Սիրիայի խաղաղ բնակչությունը» Սիրիայի թուրքմեններն են` Թուրքիայում բնակվող թուրքերի ցեղակիցները, որոնցից կազմված խմբավորումներն իրականում առաջինն իրենք պետք է ներառվեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հասկանալի է, ոչ Թուրքիայի կազմած:

«Մենք մաքրում ենք Թալլ- Ռիֆաթն (Թել Ռըֆաթն) ու Մանբիջը (քաղաքներ Սիրիայի հյուսիսում.- «Коммерсантъ») ահաբեկիչներից»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում (մեջբերումը թուրքական «Anadolu» գործակալությունից)։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ ավելի ուշ նախատեսվում է ահաբեկիչներից մաքրել Թուրքիայի հետ սահմանակից մյուս տարածքները։ Նա չի հայտնել «հակաահաբեկչական» գործողության մասնակիցների թիվը, ինչպես նաև այլ մանրամասներ։

Այսպիսով տեղի ունեցավ այն, ինչ միանգամայն սպասելի էր. Թուրքիան լկտիաբար օգտվեց այն հանգամանքից, որ Սիրիայի բանակն այժմ չի կարող միջամտել ու մտնել իր հետ լայնածավալ պատերազմի մեջ` նկատի ունենալով, որ ջախջախվելու է առանց այդ պատերազմին Ռուսաստանի բանակի անմիջական մասնակցության, իսկ Ռուսաստանը Սիրիայում այդ երկրին պաշտպանելու համար չի կարող Թուրքիայի հետ պատերազմի մեջ մտնել, քանի որ ռազմական լայնածավալ գործողությունների մեջ է Ուկրաինայում, որտեղ իր դեմ, Ուկրաինայից բացի, պատերազմում են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ:

Ավելին. Ռուսաստանն իր դեմ Արևմուտքի լայնածավալ, աննախադեպ ու շարունակվող ֆինանսա- տնտեսական պատժամիջոցների, ընդհանրապես, իր դեմ ԱՄՆ-ի, Արևմուտքի սանձազերծած հիբրիդային պատերազմի հետևանքով բարդ, դժվարին իրավիճակում է գտնվում, ինչը նույնպես թույլ չի տալիս պաշտպանել իր դաշնակցին ու ներքաշվել Թուրքիայի հետ մի պատերազմի մեջ (կռվել արդեն երեք ճակատով), որը կարող է սպառնալ իր ազգային անվտանգությանը, նույնիսկ պետության գոյությանը, և ստիպել օգտվել միջուկային զինանոցից: Իսկ տվյալ դեպքում միջուկային զինանոցից օգտվելը կարող է ունենալ ոչ միայն կանխատեսելի, այլև անկանխատեսելի հետևանքներ…

Հարկ է նկատի ունենալ, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Սիրիան մի գեղեցիկ օր Թուրքիայից կարող է պահանջել հեռանալ իր տարածքից, իսկ պահանջը կամովին չկատարելու դեպքում ոչ միայն իր, այլև համապատասխան պայմանագրի հիման վրա իրեն ռազմական օգնություն ցուցաբերող ՌԴ զինված ուժերի հարվածներով Թուրքիայի բանակին ուղղակի դուրս քշել երկրից:

Եվս մեկ կարևոր հանգամանք. Սիրիայի տարածքից վերոնշյալ մասի կորուստն այդ պետության համար չունի ճակատագրական նշանակություն, նրա համար էքզիստենցիալ վտանգ չի ներկայացնում, ինչը նույնպես բացառում է Սիրիայում Թուրքիայի ռազմական նոր գործողությանը ՌԴ միջամտությունը:

Նույնը, իհարկե, չի կարելի ասել Արցախը կամ Սյունիքը զավթելու Ադրբեջանի մտադրության մասին, ինչն էքզիստենցիալ վտանգ է Հայաստանի համար, իսկ Հայաստանի, այդպիսով նաև ողջ Անդրկովկասի կորուստը, որը Թուրքիային թույլ կտա իրականացնել իր պանթուրքական ծրագիրը, ճակատագրական նշանակության վտանգ կլինի նաև Ռուսաստանի համար, հետևաբար, անկախ նրանից, թե ՌԴ-ն այժմ ինչ վիճակում է, նրան կհարկադրի դիմել ռազմական միջամտության:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան