ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, ժամը 19-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

Այսօր «Դիմադրության» շարժման մասնակիցները այցելել էին ԱԳՆ շենք, ԵՊՀ և ՀՊՏՀ․ նպատակն էր պարզել նախարարների և ռեկտորների վերաբերմունքը Արցախի հարցում:

Նախարարները և ռեկտորները չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորներին: Նրանց խոսքով, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը փակվել էր իր աշխատասենյակում՝ մինչև ընդդիմադիր պատգամավորները կհեռանային ԵՊՀ-ից:

Տնտեսագիտականի ռեկտորը տեղում չի եղել:

Երթի մասնակիցները այդտեղից շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 19-ին տեղի կունենա հանրահավաք:

Հիշեցնենք, որ ընդդիմության հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։