Եթե Նիկոլը Հայաստանի թիվ 1 թշնամին է, ապա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեր արտաքին թշնամիներից մեկը. 2

Սկիզբը` այստեղ 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր եռակողմ հանդիպումից, քննարկումներից  հետո, ինչպես արդեն նշել ենք, հանդես է եկել այդ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ, որը զետեղվել է կազմակերպության կայքում:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են շարունակել ապագա խաղաղության պայմանագրի քննարկումը, որով կկանոնակարգվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները։

«Առաջիկա շաբաթներին  արտաքին գործերի նախարարների ղեկավարած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։- Ի հավելումն այս ուղեգծի, ես նաև ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է լուծել Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների և անվտանգության հարցերը»:

Ինչպես ակնհայտ է, ոչ մի խոսք Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքի, Արցախի անկախության, Ադրբեջանի կազմից դուրս գոյություն ունենալու իրավունքի մասին: Եվս մեկ մեջբերում Շառլ Միշելի հայտարարությունից.

«Ես նաև ընդգծել եմ երկարատև կայուն խաղաղությանը բնակչությանը պատրաստելու կարևորությունը: Եվրոպական խորհուրդը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք սերտ շփում պահպանել եւ նորից կհանդիպենք նույն ձևաչափով հուլիս-օգոստոսին»։

Ի՞նչ է նշանակում սա, և ինչպե՞ս… Եթե խոսքն Ադրբեջանում ապրող, պետության և այլ կառույցների կողմից տարիներ շարունակ, հետևողականորեն իրականացված քաղաքականության արդյունքում հայատյացությամբ դաստիարակված, ոճրագործին` դահիճ Սաֆարովին հերոսացրսծ, Արցախում անպաշտպան ծերունիների ականջները կտրած արյունարբու բորենիների մասին է, ապա Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է մի բանի կարևորություն, որն անհնար է, և որի անհնարինության մասին ինքը նախապես չէր կարող չիմանալ: Նշանակում է` Միշելն առնվազն անկեղծ և ազնիվ չէ, փորձում է մեր գլխի տակ փափուկ բարձ դնել:

Եթե նրա խոսքը Հայաստանի բնակչության մասին է, ապա այդ խոսքն առնվազն անհեթեթ ու վիրավորական է, որովհետև մենք խաղաղությունը մերժող ու պատերազմի ձգտող բարբարոսներ չենք, որին խաղաղության պատրաստելու կամ նախապատրաստելու անհրաժեշտություն կա կամ խաղաղության դասեր տալու կարիք:

Աշխարհում հայերից բացի, չկա որևէ այլ ազգ, որն այդքան կարոտ լինի խաղաղության, դրա կարիքն ունենա և գնահատի այն, բայց արժանապատիվ, իրական խաղաղության, ոչ թե խաբուսիկ խաղաղության, այն էլ` հայրենիքի մի մասի կորստի գնով ու մնացյալ մասի գոյությունն էլ վտանգի տակ դնելով, այսինքն` թշնամու կողմից մեզ ստորացնելով ու նվաստացնելով պարտադրված խաղաղության, որն իրականում ոչ թե խաղաղություն է, այլ մահացու թմբիր կամ դանդաղ գործողության ական:

«Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (հավելենք, որ այդ հայադավ պայմանավորվածությունների երրորդ կողմն էլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է):

Գեղամյանը մասնավորապես նշել է .

«▪️ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար։ Բանակցություններում չկա Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք, բացառապես խոսվում է «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» մասին, ինչը լավագույն դեպքում ենթադրելու է հայերի՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել, իսկ իրականում՝ Արցախի լիարժեք հայաթափում։

▪️ Ավելին, այլևս նույնիսկ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» (Nagorno Karabakh) եզրը, որի հիմքում ընկած էր ԼՂ ինքնավար մարզի գաղափարը։ Բրյուսելյան հայտարարության մեջ նշված է պարզապես «Ղարաբաղի շրջան», որն արդեն հենվում է Ադրբեջանի վարչատարածքային բաժանման գաղափարի վրա և որևէ առանձին կարգավիճակ չի ենթադրում։

▪️ Պատրաստվում է «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, որի առանցքային դրույթը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Արցախը ներառյալ։ Այս պատճառով էլ միայն այս պայմանագրի համատեքստում է նշվում Արցախի հայության «իրավունքների ու անվտանգության ապահովման»‰ մասին, քանի որ այլ կարգավիճակ Արցախը չի ունենալու։

▪️ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցման սկզբունքներին»։ Այս լղոզված ձևակերպումը փաստացի նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում այսպես կոչված «անկլավները», որոնց միջով անցնում է Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին կապող (Տիգրանաշենի հատվածը) և Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող մեր հիմնական ճանապարհները, որոնք նաև մեր մայրուղիներն են դեպի Իրան և Վրաստան։

Այսինքն տարածքը հանձնվելու է Ադրբեջանին, որից հետո մենք հատուկ թույլտվությամբ ու վերահսկողության ներքո անցնելու ենք մարզից մարզ։ Տեղին է հիշել նույն ճակատագրին արժանացած Գորիս-Կապան ճանապարհը։

Այս կետերի իրականացման դեմ է անհրաժեշտ պայքարել, հետո նոր զբաղվել քաղաքականությամբ։ Արցախի վերջնական թուրքացումն ու նոր տարածքային զիջումները կասեցնելու մի ճանապարհ կա. դուրս գալ պայքարի ներկայիս կապիտուլիանտական իշխանության դեմ, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն և միասնական մոբիլիզացիայով լծվել գործի։

Այսօր փողոցում տարբեր ուժեր, անհատներ կան։ Եթե չեք գտնում նրան, ում կվստահեք, ինքներդ կազմակերպեք ձեր ուժը, դուրս եկեք փողոց, միացե՛ք շարժմանը ու այդ ժամանակ կկարողանանք հաջողել»:

 

Արթուր Հովհաննիսյան