«Դիմադրություն» համապետական շարժման հաղթական օրը այն ժամանակ կլինի, երբ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կկանգնի

Նիկոլի հեռացման հանրային պահանջը հստակ ձևակերպված է։ Ովքեր համարում են, որ նա պետք է հեռանա, աջակցում են մեզ, մեզ հետ պայքարում են։ Աջակիցները պետք է դառնան այս շարժման մասնակից։ Վերջին մեկ ամսում ժողովուրդը ոտքի է ելել և 24-ժամյա ռեժիմով պայքարում է այն իշխանության դեմ, որը երկիրը տանում է նոր զիջումների։ Դա նորանկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ է։ Չեք կարող բերել այլ օրինակ, երբ 30 օր շարունակ ժողովուրդը ոտքի կանգնի և 24- ժամյա ռեժիմով առավոտից մինչև ուշ գիշեր երթեր, հանրահավաքներ, ակցիաներ իրականացնի, գիշերի այս հրապարակում։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի արձանագրումներ արեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա ասաց, որ «Դիմադրություն» համապետական շարժման հաղթական օրը այն ժամանակ կլինի, երբ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կկանգնի, և ոստիկանությունն այլևս չի կարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը։ Հարցին, թե որքա՞ն դեռ կտևի պայքարը մինչև այդ կրիտիկական կետին հասնելը՝ մե՞կ, երկո՞ւ, երե՞ք ամիս, նա պատասխանեց, որ դեռևս ժամկետներ չի կարող նշել, բայց իր կարծիքով այդքան չի ձգվելու պայքարը։

«Այս պահին անհրաժեշտ է պահել տեմպը, ավելացնել ճնշումը։ Տեմպը պահելու հարցում որևէ կասկած չունեմ, որովհետև րոպե առ րոպե ավելանում են մեր մասնակիցները։ Ճնշումն ավելացնել ասելով նկատի ունեմ, որ պետք է կրկնապատկենք, ավելացնենք անհնազանդության ակցիաների և ծավալները, և մասնակիցների քանակը։ Երբ այդ պատկերը կունենանք, այս իշխանությունը չի լինի։ Մենք ձգտում ենք դրան»,- հավելեց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ օրերից մի օր հավաքվածներին կասեք՝ պայքարը դադարեցնում եք և բոլորին տուն կուղարկեք, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պայքարը որևէ ձևով չի կարող կասեցվել, պարտվել, որովհետև պարտվելը հայ ժողովրդի պարտությունն է լինելու։

«Իսկ այն, որ նրանք երեկ հավաքվել էին ԱԺ-ում և իրար ծափ էին տալիս, դուխ էին տալիս, հատուկ մարտավարություն է։ Մենք գիտենք, որ Նիկոլից մեծ դերասան դժվար է գտնել, որքան էլ դերասանություն անեն, թե ամեն ինչ նորմալ է, վախի զգացողությունը հնարավոր չէ աչքերում թաքցնել։ Բեմադրությունը, թե ամեն ինչ հանգիստ է, մեկ նպատակ ունի՝ իր թիմին հույս տալ, թե ամեն ինչ լավ է լինելու։ Ես վստահեցնում եմ, որ իրենց համար լավ չի լինելու և իրենք հեռացվելու են իշխանությունից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։