Ազգային պետություն ունենալն է մեր փրկությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հայագետ, մշակութաբան Արթուր Արմինը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ազգային պետության գաղափարի մասին, ի՞նչ ասել է ազգային պետություն և որո՞նք են դրա բաղադրիչները, հիմնական սկզբունքները։ Արթուր Արմինը կարևորելով ազգային պետություն ունենալու ձգտումը՝ ասաց, որ դրա համար պետք է, որ պետության պաշտոնական գաղափարախոսությունը լինի ազգային, իրականացնել ազգային ինքնության գիտակցությամբ ու ազգային արժեքներ կրող նոր սերնդի դաստիարակություն։ Ըստ նրա՝ ազգային պետության հայեցակարգը բացառում է որևէ օտար պետության կամ արտաքին ուժերի վասալը լինելու կամ որևէ դաշնակցի վրա հույս դնելու տարբերակը։ Ազգային պետության մեջ պետք է գործի «իշխանությունը պատկանում է ժողովրդին» հայեցակարգը։

Անդրադարձանք հատկապես կրթության և որակյալ, բարձր ինքնագիտակցություն ունեցող, պետականության ընկալմամբ հասարակություն ունենալու անհրաժեշտությանը, մի բան, որ Հայաստանի անկախության տարիներին անտեսվել է։ Ավելին, բարձիթողի վիճակը ձևավորել է քաղաքականապես անգետ, պետության ընկալում չունեցող, անպատասխանատու և ցածր կրթական մակարդակով հանրություն, որն էլ ի վերջո ընտրեց պետությունը կործանման տանող քաղաքական ղեկավարություն։ Ի՞նչ դեր ունի կրթությունը ազգային պետություն կառուցելու հարցում։

Նաև խոսեցինք ազգային պետության Սահմանադրության մասին, թե ինչպիսին պետք է այն լինի, որպեսզի ի վերջո պետական կառավարման համակարգում վճռորոշը լինի քաղաքացիական հասարակությունը, և իշխանության եկած որևէ ուժ այդ իշխանությունը չօգտագործի սեփական շահերի համար։

Արթուր Արմինը ներկայացրեց ազգային պետության տնտեսական կացութաձևը, որում ՀՀ քաղաքացին պետք է լինի տվյալ պետության հողի, օդի, ջրի, բնական պաշարների, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կառույցների սեփականատերն ու հետևաբար այդ ամենի շահագործման արդյունքում առաջացող եկամտի բաժնետերը։

Մանրամասները՝ տեսանյութում