ՄԻՊ-ը պատերազմի մասնակից տղաներին կոչ է արել դադարեցնել հացադուլը

Հենց կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, երբ եղել է 5 հոգու բերման ենթարկելու դեպք, իմ հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ Պաշտպանին որևէ բողոք չէր ներկայացվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարեց Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

«Մենք օպերատիվ ձևով հետևում ենք պրոցեսին, և կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:

Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, և ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակելու:  Որովհետև ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է և այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի և ծառայությունների:

Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետև կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սև հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։