Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը բեկանեց և նրան «Մարտի 1-ի» գործով արդարացնելու որոշում կայացրեց։
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ) Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվեց։ Նիկոլ Փաշինյան ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ և արդարացվեց։ Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Նշենք, որ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ 2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել։
Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել են նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։