Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ հինգշաբթի ընդունել է Արևմուտքի բանաձևը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշմանը «կողմ» է քվեարկել 93, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 58 մասնակից։

Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն։ Քանի որ 93-ը այդ թվի երկու երրորդից ավելին է, բանաձևն ընդունվել է։

Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը աներևակայելի է համարում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների՝ Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու փորձերը։ Նրա խոսքերով՝ այդ փորձերն աննախադեպ են։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բաղկացած է 47 անդամից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության ամբողջական կազմից երեք տարով։ Անդամությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է ուժի մեջ լինել մինչև խորհրդին որոշակի պետության անդամակցության ժամկետի ավարտը։ Հետագայում երկիրն իրավունք ունի կրկին դիմել անդամակցության համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։