Ով որևէ կապ չի ունեցել ուսումնական հաստատության հետ, գա նստի ղեկավա՞ր․ Չեխովի անվան դպրոցի աշակերտների և ծնողների բողոքի ակցիան

Չեխովի անվան դպրոցի ծնողները և աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում նոր տնօրենի ընտրության դեմ։

Քաղաքապետարանի կայացրած որոշման մասին տեղեկանալուց հետո դպրոցի ծնողները ինքնաբուխ որոշել էն բողոքի ակցիա իրականացնել։

«Շատ հեշտ է քանդել դպրոցի՝ տարիներով ստեղծված մթնոլորտը։ Տարիներ շարունակ դպրոցը ունեցել է հրաշալի ղեկավար, նրա պարտականությունների ավարտից հետո դպրոցը այժմ ունի իր թեկնածուն, որը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները։ Ու հետո վերցնել ու նշանակել ոմն մեկին՝ հաշվի չառնելով որևիցե մեկի կարծիքը ու որոշումը, ճիշտ չէ։ Նոր թեկնածուն՝ Դիաննա Մինասյանը, ով քաղաքապետարնից ստացել է 4 ձայն, բացարձակ որևէ շփում չի ունեցել ծնողների, դպրոցի հետ, նա ինչպես պետք է ղեկավարի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։

Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունի տարածված այն լուրերի մասին, որ տնօրենի նոր թեկնածու Դիանա Մինասյանը Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է։

«Մեր ակցիան որևէ քաղաքական բնույթ չի կրում։ Եթե մեր թեկնածուն չանցնի, ապա ծնողները իրենց բողոքը երկու եղանակով կարող են արտահայտել․ կամ պետք է իր երեխային դպրոց չուղարկի, կամ պետք է հանի երեխային այդ դպրոցից, մենք չենք պատրաստվում փողոց փակել կամ նմանատիպ այլ բաներ, որովհետև 21-րդ դարում ենք և կիրթ մարդ նման գործողությունների չի գնա։ Մենք ցանկանում ենք դպրոցում պահել առողջ մթնոլորտ և պետք չէ երեխաների սովորելու ձգտումը այս ձևով ոչնչացնել։ Այսպես ասեմ, դպրոցը մեր երեխան է, ու մենք ուզում ենք մեր երեխային վստահել նրան, ով ունի փորձ դպրոցում, իսկ մի թեկնածու, ով որևէ կապ չի ունեցել ուսումնական հաստատության հետ, գա նստի ղեկավա՞ր»,- ասաց նա