Կիևը հրաժարվում է ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը․ ՌԴ նախագահի օգնական

Անվտանգության երաշխիքների համակարգի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկները հուշում են, որ դրանք չեն տարածվում Ղրիմի և Դոնբասի տարածքների վրա, ուստի, փաստորեն, Կիևը հրաժարվում է դրանք վերադարձնել ռազմական ճանապարհով, ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինան հրաժարվում է Ղրիմը, Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից և հայտարարում է, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Իհարկե, դա չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, բայց Ուկրաինան ձևակերպեց իր մոտեցումը», – ասել է Մեդինսկին:

Մեդինսկիի խոսքով՝ Կիևի գրավոր առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։