Ադրբեջանական զորախումբն, ի վերջո, Փառուխո՞ւմ է, թե ոչ. ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հակասական հայտարարությունները

Արցախի օպերատիվ և հստակ արձագանքի բացակայությունն ի նպաստ Ադրբեջանի

 

Հավանաբար շատերն են ծանոթ երեկ երեկոյան Արցախի Փառուխ գյուղից ադրբեջանական զորախմբի դուրս եկած- դուրս չեկած լինելու վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների հակասականությանը:

«Անցկացված բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի շրջանից»,- ըստ «РИА Новости» – ի, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակված ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։

Նույն հրապարակման համաձայն, պաշտպանության նախարարությունը հավելել է, որ խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով ադրբեջանական երեք շարասյան ուղեկցումը ՝ երկուսը հյուսիսային և մեկը հարավային ուղղությամբ։ Բացի այդ, խաղաղապահները Ասկերանի շրջանում արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու մարդ։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, իրավիճակը կայունացրել է»,- ​​նշել են ՊՆ-ում։

«РИА Новости»-ի հրապարակման մեջ նշված է նաև, որ ադրբեջանցի զինվորականները ««Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից չորս հարված են հասցրել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորաբաժանումներին։ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ»։

Ինչպես ակնհայտ է, ՌԴ ՊՆ-ն փորձել է իր պատասխանատվության գոտում Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման հետևանքները նվազեցված ներկայացնել, քանի որ մարտի 24-ի, լույս 25-ի գիշերվանից սկսված Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներից վիրավորվել է ոչ թե 2-ը, այլ, Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունների համաձայն, 20-ը, բացի այդ, երեք զինծառայող էլ զոհվել է: Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների շրջանում վիրավորում ստացածների քանակը հավանաբար նույնպես նվազեցված է ներկայացված, գուցե զոհեր էլ ունեն, բայց այդ մասին նույնպես խոսք չկա: Քիչ հետո կբացատրենք, թե ՌԴ ՊՆ-ն ինչու է այդպես վարվել…

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած վերոնշյալ տեղեկատվությունից կարճ ժամանակ անց այդ տեղեկատվության հերքմամբ հանդես է եկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որի հայտարարության մեջ նշված է, որ «ՌԴ ՊՆ մարտի 27-ի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը», հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները դուրս չեն բերվել Ղարաբաղի Փառուխ գյուղից։

«Ցավով տեղեկացնում ենք, որ ՌԴ ՊՆ մարտի 27-ի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, մեր երկրի անբաժանելի մասը կազմող Փառուխ գյուղում և հարակից բարձունքներում ադրբեջանական զինուժի դիրքերը չեն փոխվել»,- ТАСС –ի հրապարակման  համաձայն, նշված է նախարարության երեկվա հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նաև հերքել է ռուսական կողմի տեղեկատվությունը հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողների վիրավորվելու մասին։

Ուշագրավ և ամենևին էլ պատահական չէ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը ոչ իր պաշտոնական կայքում , ոչ էլ ֆեյսբուքյան էջում  հանդես չեկավ Ադրբեջանի ՊՆ-ի վերոնշյալ հերքման հերքմամբ, ուղղակի արհամարհեց այն: Սա, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժածների քանակը նվազեցված ներկայացնելը միանգամայն հասկանալի է. Ռուսաստանը հնարավորինս փորձում է խնդիրը լուծել բանակցություններով, խաղաղ մեթոդներով, խուսափում է Ադրբեջանի հետ առկա լարվածությունն իր հերքմամբ բացահայտ հրապարակային դաշտ տեղափոխելուց, Արցախում ադրբեջանական զորախմբերի գործողություններին կոշտ, այսինքն` ռազմական միջոցների կիրառմամբ հակազդումից, ադրբեջանական սադրանքի խայծը կուլ տալուց, ինչը կարող է հանգեցնել Արցախում Ադրբեջանի զորախմբերի և ռուսական խաղաղապահների ռազմական բախման, արագ վերաճել ռուս- ադրբեջանական պատերազմի, որում անմիջապես կներգրավվի նաև Թուրքիան:

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում , Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դեռ չավարտված, թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ սովորական սպառազինությամբ պատերազմի մեջ մտնելը, մեր տարածաշրջանում իր դեմ ու հակառակ իր կամքի, երկրորդ ճակատի բացումը ոչ միայն հակամարտության մյուս կողմերի` Թուրքիայի, Ադրբեջանի, բնականաբար, նաև Արցախի և Հայաստանի, այլև Ռուսաստանի համար նույնպես չափազանց վտանգավոր կլինի:

Իրադարձությունների վերոնշյալ զարգացումը թեև անխուսափելիորեն կհանգեցնի Ադրբեջանի և Թուրքիայի պետականության կործանմանը, կորստին, սակայն միաժամանակ կարող է վտանգել Ռուսաստանի գոյությունը` հարկադրելով նրան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառել: Կարիք կա՞, արդյոք, բացատրելու, որ դա կարող է հանգեցնել աշխարհակործան Երրորդ համաշխարհային պատերազմի…

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հակասական հաղորդագրություններից հետո Հայաստանի բնակչությանը, թերևս նաև Արցախի բնակչության մեծ մասին երեկ երեկոյան, այսօր առավոտվա դրությամբ նույնպես, այդպես էլ անհայտ մնաց, թե ադրբեջանական զորախումբն, ի վերջո, Փառուխից իրականում դուրս եկե՞լ է, թե ոչ…

Թվում է, թե վերոնշյալ հարցում օպերատիվ կերպով պարզություն կմտցներ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ հանրապետության նախագահը: Սակայն, արձագանքը, ցավոք, նրանց խայտառակ լռությունը եղավ` ի նպաստ ադրբեջանական քարոզչության:

Միայն այսօր ժամը 13-ի կողմ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ մի լղոզված տեղեկատվությամբ , ըստ որի, «Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում»։  Անորոշ մնաց` վերահսկողության ներքո՞, թե սոսկ վերահսկողության գոտո՞ւմ… Ադրբեջանական զորախումբն այնտեղից դուրս եկե՞լ է, թե՞ ոչ: Ի վերջո, Փառուխի տարհանված բնակչությունը վերադարձե՞լ է իր գյուղ, թե ոչ…

Եթե Փառուխ գյուղն այժմ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի սոսկ վերահսկողության գոտում է, դրանից դեռ միանշանակ չէ, որ ադրբեջանական զորախումբն այնտեղից հեռացել է, որովհետև երբ ադրբեջանական զորախումբը Փառուխում էր, Փառուխը դարձյալ, ըստ նույն Արցախի տեղեկատվական շտաբի և Արցախի ՊՆ-ի, գտնվում էր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, և ոչ միայն… Ինչպես մարտի 26-ին հայտնել է  ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, «Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում»: Այսինքն` այն ժամանակ Փառուխը նույնպես գտնվում էր ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում:

Ընդամենը մի քանի ժամ առաջ Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկի միջոցով պաչզեցինք, որ ադրբեջանական զորախումբը Փառուխից իսկապես դուրս է եկել, սակայն գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլխի բարձունքում:

 

Արթուր Հովհաննիսյան