Ինչ է կատարվել Արցախում և ինչու, ինչ սպասել. 2

Սկիզբը` այստեղ 

Արցախում իրավիճակն այսօր նույնպես լարված է: Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկացմամբ , ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, մարտի 26-ին շարունակել են իրենց տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: «Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են:

Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»:

Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Քարագլուխ- Շիկաքարի բարձունքն իր դիրքով ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար, կորցնել Քարագլուխ- Շիկաքարը, նշանակում է բացել Ստեփանակերտի դարպասները երկրորդ կողմից, Շուշիից այն արդեն բացված է:

Ինչպես արդեն նշել ենք հոդվածի նախորդ մասում, հիմա շատ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, այսինքն` տեղայի՞ն (լոկալ) բնույթ ունեցող, թե անհամեմատ խոշոր, գլոբալ… Եվ դա պարզելու «լակմուսի թուղթը» կա… Այդ «լակմուսի թուղթն» Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքն է, այսինքն` դրանք շարունակվում, զարգանում կամ շարունակվելու, զարգանալո՞ւ են, թե՞ ոչ:

Տարբերակ առաջին. եթե Արցախում մարտի 24-ից Ադրբեջանի ԶՈւ սկսած ռազմական գործողություններն առաջիկա օրերին չզարգանան` ձեռքբերելով լայնամասշտաբ բնույթ, ապա կնշանակի, որ այդ գործողությունները կատարվեցին զուտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ, և Ադրբեջանը դրանցով սոսկ տեղային բնույթ ունեցող նպատակ էր հետապնդում: Այսինքն` ընդամենը մեկ- երկու գյուղ գրավել և Ադրբեջանի ԶՈւ տարածքային  որոշ առաջխաղացում` օգտվելով այն իրողությունից, որ Ռուսաստանն Ուկրաինայում խրված է լայնածավալ հակամարտության մեջ, և այն հնարավորությունից, որ այդ ընթացքում ռուսական խաղաղապահներն Ադրբեջանի զինծառայողների վրա չեն կրակի:

Չեն կրակի, քանի որ փոխադարձ կրակոցները երկկողմանի զոհերի արդյունքում կարող են հանգեցնել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պատերազմի, ինչը շատ արագ և անխուսափելիորեն կվերաճի թուրք- ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի միջև պատերազմի: Եթե այդ պատերազմը բռնկվեց, այն Ադրբեջանից ու Թուրքիայից բացի, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ նաև Ռուսաստանի համար, բնականաբար, ավելի մեծ չափով նաև Արցախի և Հայաստանի, քանի որ պատերազմական գործողությունները կծավալվեն հենց Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում:

Ավելին. զուտ սովորական սպառազինությամբ երկու ճակատով (Ուկրաինայում և այստեղ` մեր տարածաշրջանում) պատերազմում ընդգրկված լինելով, Ռուսաստանն ինչ- որ պահից արդեն լրջագույն դժվարությունների կարող է բախվել, կարող է նույնիսկ վտանգվել երկրի գոյությունը ներքին կայունության խաթարման հետևանքով կամ թեկուզ առանց դրա, ինչը Ռուսաստանին կստիպի մարտավարական միջուկային զենք կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինուժի նկատմամբ Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքում (վերջին դեպքում նաև Ադրբեջանի զինուժի նկատմամբ):

Հարկ կա՞, արդյոք, բացատրելու ոմանց, որ իրադարձությունների նման զարգացումը եթե չասենք անխուսափելիորեն, ապա շատ մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառմամբ Աշխարհը մոխրացնող Երրորդ համաշխարհային պատերազմի… Ահա թե ինչու ռուսական խաղաղապահներն ամեն կերպ աշխատում են Արցախում ադրբեջանական զինուժի հետ ռազմական բախման չգնալ, քանի դեռ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չի առաջացել:

Քանի որ ոմանք անտեղյակության հետևանքով կարող են սխալմամբ կարծել, թե Ռուսաստանը ռազմական առումով այնքան հզոր է, որ սովորական սպառազինությամբ էլ, առանց իր ներքին կայունությունը, պետության գոյությունը վտանգելու, միաժամանակ, երկու ճակատով կարող է կռվել և՛ Ուկրաինայի, և՛ թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ և, հետևաբար, միջուկային զենքի կիրառման անհրաժեշտություն չի ունենա, ապա որոշակի իրողությունների ծանոթանալուց հետո, կարծում ենք, կհասկանան, որ դրա հավանականությունը կամ հնարավորությունը շատ փոքր է:

Նախ, պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի զինված ուժերն անհամեմատ հզոր են, քան Ուկրաինայինը: Թուրքիայի ցամաքային զորքերն իրենց թվակազմով աշխարհում 5-րդն են, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում 2-րդը` զիջելով միայն ամերիկյանին: Բացի այդ, թուրքական բանակը զինված է ժամանակակից սպառազինությամբ, որոշները նաև արտադրում է, ինչպես, օրինակ, աշխարհում մարտական ԱԹՍ-ների շարքում առաջին տեղերից մեկը զբաղեցնող «Բայրաքթար ՏԲ-2»-ը և «Բայրաքթար»-ների ընտանիքի նորագույն և առավել հզոր այլ ԱԹՍ-ներ:

Թուրքիան ունի և թևավոր հրթիռներ (իհարկե, ռուսականին զիջող), և ՌԷՊ (դարձյալ ռուսականին զիջող), և կործանիչ ու ռմբակոծիչ ավիացիա, (ռուսականին զիջող), և մարտավարական, օպերատիվ- մարտավարական հրթիռներ (ռուսականին զիջող), և մեծաքանակ զրահատեխնիկա, ռազմածովային ուժեր (ռուսականին զիջող), և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, էլեկտրոնային հետախուզության միջոցներ և այլն: Միջուկային զենքից բացի, չունի հիպերձայնային հրթիռներ, լազերային հարվածային զենք, որի նորագույն ու հզոր տարբերակները վերջին տարիներին է սկսել արտադրել, և ենթադրելի է, որ շատ չունի, թերևս նաև մեկ- երկու այլ զինատեսակներ:

Պետք է նկատի ունենալ նաև, որ չնայած իր հզորությանը, Ռուսական բանակին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ ամիս հետո, երեկվա դրությամբ հաջողվել է Դոնբասում ոչնչացնել Ուկրաինայի ռազմական խմբավորումների ընդամենը 26 տոկոսը , իսկ այդ խմբավորումների մնացած մասին դեռ չի հաջողվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Դոնեցկից հետ շպրտել այնքան, որ Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռները ընդամենը մի քանի օր առաջվա դրությամբ չհասնեին Դոնեցկին: Նշենք, որ «Точки-У» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռի առավելագույն հեռահարությունը հասնում է 120 կիլոմետրի: Ինչպես արդեն նշեցինք, թուրքական բանակն ուկրաինականից անհամեմատ հզոր է:

Ճիշտ է, Դոնբասում Ուկրաինայի ռազմական խմբավորումներին դեռ ամբողջությամբ չոչնչացնելը և նրանց Դոնեցկից բավականաչափ հետ չմղելն ունի իր միանգամայն օբյեկտիվ պատճառները` Ուկրաինայի ազգայնամոլական, նեոնացիստական խմբավորումները և զինված ուժերն իրենց իսկ հայրենակիցներին օգտագործում են որպես կենդանի վահան, Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմում են ոչ միայն Ուկրաինայի ԶՈւ-ն, նեոնացիստական խմբավորումները, արտերկրից եկած վարձկաններն ու կամավորները, այլև նրանց միջոցով ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն: Սակայն որևէ կասկած չկա, որ թուրք- ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի միջև պատերազմի բռնկման դեպքում թուրքերից և ադրբեջանցիներից բացի, նրանց ձեռքով Ռուսաստանի դեմ դարձյալ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն են կռվելու, թուրքերը և ադրբեջանցիները նույնպես գրաված բնակավայրերում հայ բնակչությանը սկզբում օգտագործելու են որպես կենդանի վահան:

Տարբերակ երկրորդ. եթե Արցախում Ադրբեջանի ԶՈւ ռազմական գործողություններն առաջիկա օրերին ոչ միայն շարունակվեցին, այլև ձեռք բերեցին լայնամասշտաբ բնույթ` նպատակ ունենալով գրավել Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության մնացած շուրջ 25 տոկոսը, բացառված չէ նաև` Սյունիքը, ապա որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործողությունները կատարվում են Ալիևից Թուրքիայի, իսկ ավելի հավանական է, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի պահանջով` նպատակ ունենալով մեր ռազմավարական դաշնակցին թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ պատերազմի մեջ ներքաշել` Ռուսաստանը ծնկի բերելու, Պուտինին ու նրա վարչախումբը տապալելու համար, անտեսելով կամ թերագնահատելով միջուկային պատերազմի բռնկման վտանգը:

Թերևս պատահական չէ, որ հենց երեկ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի կողմից ևս մեկ անգամ հայտարարեց, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի: Մնում է, որ այս զգուշացումը հասնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճիվաղների ուղեղներին:

 

Արթուր Հովհաննիսյան