ՇՀԿ-ն ուսումնասիրում է Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի  կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ապա ՇՀԿ-ի անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են այն»,- ասել է նա:

«Այդ տեսակետից ես անձամբ տրամադրված եմ լավատեսորեն, թեև այս պահին չեմ կարող հայտնել ստույգ ժամկետը»,- հավելել է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ երկրների միջև հարաբերություններն, անշուշտ, կարևոր գործոն են, որը հարկ է հաշվի առնել: «Միևնույն ժամանակ, ՇՀԿ-ի անդամ պետությունները համերաշխ են այն հարցում, որ երկկողմ հակասությունները չբերվեն կազմակերպություն: Դա նաև պարտավորություն Է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցելու ՇՀԿ-ի ընտանիքին»,- ամփոփել է նա:

Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման հռչակագիրն ստորագրվել է  2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը և Պակիստանը: