Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից․ Փաշինյան

Ադրբեջանն արդեն 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, թե այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, ու խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս իմաստով խիստ խորհրդանշական և  խոսուն է Ադրբեջանի ԱԳՆ-ի նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, որ Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այս կողմ մի նայեք և  թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր հակաահաբեկչական գործողությունների անվան ներքո ավարտին հասցնենք Արցախն էթնիկ զտումների և  ցեղասպան քաղաքականության  միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող և  Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը լրատվամիջոցները, ՀԿ-ները, անհատները, սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և  լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը բոլոր ատյաններում:

Սիրելի հայրենակիցները, իհարկե, շատերն այս իրադարձությանն արձագանքում են՝ հիշեցնելով և  քննադատելով մեր երկրի և  տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը: Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունը այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, ու մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,-հայտարարեց Փաշինյանը: