Անընդունելի և խիստ դատապարտելի է որոշ երկրներում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
««Հայաստան» խմբակցությունը
- Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:
- Կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության և պատերազմի: Նաև այդ տեսանկյունից է, որ անբեկանելի և անքննելի է համարվում ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, պատմական հայրենիքի մաս կազմող պետության հետ վերամիավորվելու իրավունքը և կարևորվում է «ճանաչում հանուն փրկության» երաշխիքի կիրառումը բոլոր նմանատիպ իրավիճակներում:
- Անընդունելի և խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները և ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում։ Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին:
- Արձանագրում է, որ քաղաքական և հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձևերի և ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի», որի հետևանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի։
- Լիահույս է, որ ամենասեղմ ժամկետներում Եվրոպայում կվերահաստատվի խաղաղությունն ու կայունությունը: Ռուս և ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ և անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով:
- Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները անեն ամեն հնարավորը Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց և երեխաներին ըստ պահանջի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու և կենսաապահովման հարցերը լուծելու ուղղությամբ»։