Freedom House-ը Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը։

«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ դիմացել են սառնամանիքին առանց ջեռուցման և  տաք ջրի»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ մամուլի ծառայությունը (EEAS) երեկ  հայտարարություն ՝  էր տարածել, նշելով, որ ԵՄ-ը անհանգստացած է Ստեփանակերտի գազամատակարարման  խափանման մասին հաղորդագրություններով:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ անհրաժեշտ է շտապ ապահովել տուժած բնակչության գազամատակակարման վերականգնումը հատկապես եղանակային վատ պայմաններում։ ԵՄ-ը գազատարը վերահսկող Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել թույլ տալ գազամատակարարման վերականգնումը։

«Եվրամիությունը ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար»,- նշված է հայտարարության մեջ։