Եվրոպան ոչնչով չի կարող փոխարինել ռուսական գազը, ասել է Նովակը

Եվրոպան չի կարողանա գտնել ռուսական գազի փոխարինող առաջիկա հինգ տարում, «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինքներդ դատեք․ մենք մատակարարում ենք մոտ 200 միլիարդ խորանարդ մետր գազ, մինչդեռ Եվրոպան սպառում է 500 միլիարդ խորանարդ մետր՝ արտահանման գրեթե 60 տոկոսը: Միանշանակ հնարավոր չէ սա փոխարինել մեկ, երեք, ոչ էլ հինգ տարում»,- ասել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, սակայն Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրներից լիակատար մերժումը ինչ-որ կործանարար սցենար է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Եվրոպայի հետ ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու մասին, որից հետո գազի գինը Եվրոպայում շեշտակի բարձրացել է:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։