Հայ պոետներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից

Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մաստշաբային միջոցառմամբ։ Այս մասին տեղեկացնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:

Մարտի 21-ին, ժամը 19:00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները կընթերցեն իրենց իսկ ստեղծագործությունները։

Միջոցառմանը «Անտարես» հրատարակչության հեղինակներ, ժամանակակից պոետներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գևորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը և այլք հանրության համար կընթերցեն իրենց գործերը։

Միջոցառումը հնարավոր կլինի դիտել Ազատության հրապարակից։ Այն բաց է հանրության համար։ Միջոցառման նպատակն է էլ ավելի նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու պոեզիայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։ Նշենք, որ ամեն տարի մարտի 21-ին աշխարհում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը։

Այս տոնը հռչակվել Է 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։ Միջոցառման նախաձեռնողներ՝ «Անտարես» հրատարակչություն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն