Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Նիդերլանդների միջև

Մարտի 18-ին Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նիդերլանդականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թայս ֆան դեր Փլասը։

Երկուստեք գոհունակություն հայտնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերն արձանագրեցին վերջին տարիներին նկատվող դրական դինամիկան և ուղենշեցին առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին։

Մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Հայկական կողմը երախտագիտություն հայտնեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից խնդրի բարձրացման համար՝ ընդգծելով ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նման մոտեցման շարունակականության անհրաժեշտությունը։

Հաագայում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ ունեցավ Նիդերլանդների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցեց Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտռական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված դիվանագիտական ընդունելությանը, որի ընթացքում պարգևատրվեցին երկկողմ համագործակցության խորացման գործում ներդրում ունեցած անձինք։