2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 23

Սկիզբը` այստեղ 

Ռուսաստանի և Արևմուտքի հին հարաբերություններին վերադարձ չի լինի. այս մասին, կարծում ենք, իրականության միանգամայն սթափ գնահատմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը;

«Վերադարձ անցյալին արդեն չի լինի, Արևմուտքն ինքն է ոչնչացրել փոխհարաբերությունների և անվտանգության այն ճարտարապետությունը, որը գոյություն ուներ մինչև վերջին իրադարձությունները»,- ասել է Ռյաբկովը РБК-ի հեռուստաալիքի եթերում:

ՌԴ փոխարտգործնախարարը, միաժամանակ, ակնկալություն է հայտնել, որ Ռուսաստանը և Արևմուտքի երկրները, հենվելով ողջախոհության վրա, կկարողանան սկսել շարժվել «դեպի մի նոր բան»։

«Վստահ եմ, որ մենք այս հատակից դուրս կգանք և կսկսենք շտկել հարաբերությունները։

Դրա համար անհրաժեշտ է Արևմուտքի քաղաքական կամքը, առաջին հերթին, ԱՄՆ-ի կողմից… Հուսով ենք, որ միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի, եթե ոչ քաոսի հաղթահարման անխուսափելիության ըմբռնումը կգա արևմտյան հիմնական մայրաքաղաքներից»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե Արևմուտքը և նրա հիմնական դերակատար Միացյալ Նահանգներն արդյոք կդրսևորե՞ն Սերգեյ Ռյաբկովի ակնկալած քաղաքական կամքը… Սրան է, որ կասկածում ենք: Համենայն դեպս, այս պահին դրա որևէ նախանշան չի ուրվագծվում, ավելին` ճիշտ հակառակ իրավիճակն է:

Ինչպես օրերս հայտնեց ТАСС գործակալությունը, ՆԱՏՕ-ի երեք երկրներ` Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան, Ուկրաինայի բանակին են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ (56 ՄիԳ-29 կործանիչ և 14 Սու-25 գրոհային ինքնաթիռ), որոնք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում: Նախատեսվում է, որ ուկրաինացի օդաչուներն այնտեղից են իրենց մարտական ​​առաջադրանքները կատարելու: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դրանից քիչ առաջ հայտարարել էր, որ ԵՄ արտգործնախարարները համաձայնել են Ուկրաինային 450 մլն եվրոյի հարձակողական, ինչպես նաև 50 մլն եվրոյի պաշտպանական զենքի և վառելիքի տրամադրումը, ապա հավելել, որ ԵՄ-ն ռազմական ինքնաթիռներ կմատակարարի Ուկրաինային։

Անցյալ ամսվա վերջին Միացյալ Նահանգները, ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, կոպտորեն խախտելով իր՝ որպես ընդունող երկրի պարտավորությունները, ՄԱԿ-ում գտնվող 12 ռուս դիվանագետներին պերսոնա նոն գրատա է հայտարարել ու կարգադրել լքել երկիրը մինչև մարտի 7-ը: Դիվանագետների արտաքսմանը, ամենայն հավանականությամբ,  կհաջորդի Մոսկվայի պատասխանը։

«Վստահ եմ, որ պատասխանը կհետևի, քանի որ սա դիվանագիտական ​​պրակտիկա է,- ասել է Նեբենզյան:- Դա մեր ընտրությունը չէ, դա մենք չենք սկսել»:

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումից, ապա և Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Արևմուտքի և Ռուսաստանի միջև ավելի վաղ սկսված դիվանագիտական պատերազմը նոր թափով է շարունակվում ու դրսևորում է գնալով ավելի սրվելու միտում: Դրան գումարվել է նաև տրանսպորտային պատերազմը. ԱՄՆ-ը, Կանադան, Եվրամիության և մի քանի այլ երկրներ իրենց օդային տարածքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների, Ռուսաստանն էլ, փոխադարձաբար, նրանց ինքնաթիռների համար` պետական թե մասնավոր, կանոնավոր թե չարտերային թռիչքներ իրականացնող:

Ավելին. Արևմուտքն ուղղակի ֆինանսատնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Դրա վերջին դրսևորումներից մեկի մասին հայտնի դարձավ այսօր: «РИА Новости»-ի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներն ամերիկյան նավթավերամշակող գործարաններին կոչ են արել դադարեցնել նավթի ներկրումը Ռուսաստանից: Այս մասին գրել է բրիտանական «Financial Times» թերթը՝ վկայակոչելով «American Fuel and Petrochemical Manufacturers» (AFPM) առաջատար առևտրային ասոցիացիային ուղարկված նամակը, որն, ի պատասխան, աջակցել է գնումների արգելքին։

«Անցյալ տարի AFPM-ի անդամները Ռուսաստանից ներմուծել են 72 միլիոն բարել հում նավթ, ինչպես նաև ներմուծել կամ գնել են ավելի քան 100 միլիոն բարել ռուսական ծագման միջանկյալ կամ պատրաստի նավթամթերք… Քանի որ Ռուսաստանից բարելի (նավթի- խմբ.) ցանկացած գնում այժմ կֆինանսավորի նրա պատերազմն Ուկրաինայի հետ, այդ գործունեության շարունակումը դարձել է անհիմն»,- նշված է «Financial Times»-ի մեջբերած նամակում:

Ավելի ուշ հիշյալ ասոցիացիան իր կայքում հրապարակել է կոնգրեսականների նամակի պատասխանը, որում գրել է, որ աջակցում է Ուկրաինային, և Ռուսաստանի գործողությունները «պետք է հանդիպեն կատաղի դիմադրության»։

«AFPM-ը լիովին աջակցում է Ռուսաստանից հում նավթի և նավթամթերքի հետագա գնումների կասեցմանը,- նշված է պատասխանում:- Այնուամենայնիվ, սպառողներին պաշտպանելու համար ներմուծման ցանկացած արգելք պետք է բացառի այն ապրանքները, որոնք այս պահին ճանապարհին են դեպի ԱՄՆ»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանի Դաշնությունից նախօրեին պահանջել է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր ողջ զինված ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող Ուկրաինայի տարածքից:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, առաջարկել է չանհանգստանալ նոր «երկաթե վարագույրի» համար: ԱԳՆ ղեկավարի խոսքով` «երկաթե վարագույրը» կառուցվում է Արևմուտքի կողմից, սակայն Ռուսաստանը կարող է հնարավորություն գտնել ապրելու և հետագայում էլ զարգանալու նույնիսկ այս պայմաններում:

«Բոլորը հասկանում են, որ «երկաթե վարագույր» կառուցելը նրանց բաժինն է, ովքեր մտածում են նախկին կատեգորիաներով՝ գաղութատիրության, նեոգաղութատիրության կատեգորիաներով,- «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում, «РИА Новости»-ի փոխանցմամբ, ասել է Լավրովը։- Բայց եթե Արևմուտքն այդպես որոշեց, ապա, վստահեցնում եմ ձեզ, մենք հնարավորություն կգտնենք շարունակելու ապրել, զարգանալ, և նույնիսկ շատ չենք անհանգստանա արածի համար մեր արևմտյան գործընկերների` հերթական անգամ ապացուցած իրենց բացարձակ անհուսալիությունն ու պայմանավորվելու լիակատար անընդունակությունը»:

Դիվանագիտական, տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական, քաղաքական պատերազմին զուգահեռ, ԱՄՆ-ից զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինա, չնայած այնտեղ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությանը, չի դադարում։

Ավելին. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ արևմտյան երկրները համակարգում են գործողությունները՝ արագացնելու ՀՕՊ սարքավորումների, հակատանկային համակարգերի և այլ զինատեսակների մատակարարումն Ուկրաինային։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ես հավանություն եմ տվել դաշնակիցներից (ԱՄՆ-ի) ամենաանհրաժեշտ պաշտպանական միջոցների արագացված փոխանցմանն Ուկրաինա և այդ միջոցների մատակարարումն արագացնելու ցանկացած ջանքի համակարգմանը, այդ թվում՝ հակատանկային և հակաօդային միջոցների, ինչպես նաև ուկրաինական մարտիկների ձեռքին գտնվող հրաձգային զենքի զինամթերքի»,- ТАСС -ի տեղեկացմամբ, ասել է Բլինկենը:

Թող որևէ մեկը չկարծի, թե ԱՄՆ-ի պետքարտուղարի երեկվա հայտարարությունը, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, եթե այն դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը, որ բաց է քննարկելու Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների թուլացման հնարավորությունը Ուկրաինայում Մոսկվայի գործողության դադարեցման դեպքում, Արևմուտքից ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովի ակնկալած վերոնշյալ քաղաքական կամքի դրսևորումն են` նպատակաուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելուն: Այս ամենն ընդամենը քաղաքական ձևականությունն է:

ԱՄՆ-ը և Բրիտանիան նախապես շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը քանի դեռ իր հայտարարված նպատակներին չի հասել, զորքերը ոչ կհանի Ուկրաինայից, ոչ էլ հատուկ ռազմական գործողությունը կդադարեցնի: Ռյաբկովն ինքն է վստահություն  հայտնել, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականացվեն ամբողջությամբ։

Ավելի վաղ, մարտի 1-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ТАСС -ի տեղեկացմամբ , սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի հատուկ ռազմական գործողություն իրականացումը մինչև առաջադրված նպատակներին հասնելը»: Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն կշարունակի գործողությունը, որպեսզի ոչնչացնի սպառնացող ենթակառուցվածքները և սպառազինությունը. այս մասին էլ, «Российская газета»-ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այնպես որ, դեռ 2021թ. հունվարի 25-ից այս շարքի առաջին հրապարակմամբ  կանխատեսված փոթորիկը շարունակվելու է ու դառնալու է ավելի ուժգին…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան