2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ

Բոլորովին հաճելի չէ Ամանորից առաջ տեղեկացնել այս մասին ընթերցողներին կամ գուժել, բայց, կարծում ենք, դա նախընտրելի է քաղցր ստից կամ իրականությունից կտրված, անհիմն լավատեսությունից:

Վերոնշյալ բնութագրումը` փոթորկոտ, դեռ նույնիսկ մեղմ է, քանի որ իրադարձությունների վերջին շրջանի ու ներկայիս տագնապալի զարգացումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Ուկրաինայի և Ռուսաստանի, հնարավոր է նույնիսկ մի կողմից` եվրապական որոշ երկրների, Թուրքիայի, մյուս կողմից` Ռուսաստանի միջև:

Լայնածավալ հակամարտության ռիսկի մասին արդեն հրապարակայնորեն հայտարարել է նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչը նշանակում է, որ այդ ռիսկը շատ մեծ է, այնքան մեծ, որ այդ մասին ստիպված է եղել զգուշացնել նույնիսկ ինքը` ՌԴ արտգործնախարարը, որը, եթե պատերազմի վտանգը շատ լուրջ չլիներ, կգերադասեր լռել և Նոր տարուց առաջ ռուսաստանցիներին «չնվիրել» տագնապ…

«Oslobodzhene» թերթին տված հարցազրույցում, որի շարադրանքը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում, Լավրովն ասել է, որ Ուկրաինայի ներքաշումը Հյուսիսատլանտյան դաշինք և Ռուսաստանի սահմանների մոտ հարձակողական հրթիռային համակարգերի հայտնվելը սպառնալիքներ են ստեղծում երկրի անվտանգության համար և Եվրոպայում լայնածավալ հակամարտության վտանգ առաջացնում:։

«Կիևին ՆԱՏՕ ներքաշելու ընթացքը՝ մեր սահմանների մոտ հարվածային հրթիռային համակարգերի հայտնվելու հեռանկարով, անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար՝ առաջացնելով լուրջ ռազմական ռիսկեր բոլոր ներգրավված կողմերի համար, ներառյալ լայնածավալ հակամարտությունը Եվրոպայում»,- ասել է Լավրովը։

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց անվտանգության ապահովման և երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի  հետ պակմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը: Փաստաթղթերը ենթադրում են դաշինքի կողմից իր տարածքից դուրս ցամաքային միջին և ավելի փոքր հեռահարության հրթիռների տեղակայումից և կազմակերպության ռազմական բլոկը դեպի արևելք ընդլայնելուց հրաժարում:

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը, ի պատասխան Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների, կներկայացնի մտահոգությունների սեփական ցանկը։ Դեկտեմբերի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, ի հակադրություն իրականության, ասել է, որ ՆԱՏՕ-ն երբեք խոստումներ չի տվել չընդլայնվել դեպի արևելք։ Ըստ նրա, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի միանալու դաշինքին, ինչը շարադրված է մի քանի փաստաթղթերում։

Այսպիսով արդեն իսկ կարելի է ասել, որ ԱՄՆ-ը հայտարարելով, որ շուտով Ռուսաստանին կներկայացնի իր «մտահոգությունների» և դրանք փարատելուն միտված (հասկանալի է, ՌԴ-ի համար միանգամայն անընդունելի) առաջարկների ցանկը, իսկ ՆԱՏՕ-ն առավել բացահայտ ու լկտի կերպով, ըստ էության, մերժել են Ռուսաստանի առաջարկները, որոնք, դատելով դրանց համատեքստից, ունեն վերջնագրային բնույթ:

Հայտնի է նաև Ռուսաստանի բավական կոշտ արձագանքը կամ վերաբերմունքն իր առաջարկների մերժման առնչությամբ, ինչին դեռ կանդրադառնանք: Միաժամանակ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գնալով սաստկացնում են զենքերի, ռազմական տեխնիկայի գործադրմամբ պատերազմին, նախապատրաստվող ագրեսիային սովորաբար նախորդող քարոզչական, տեղեկատվական պատերազմն ընդդեմ Ռուսաստանի:

Խոսքն այս դեպքում ոչ թե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անմիջական ներգրավմամբ, այլ Ուկրաինայի (հնարավոր է նաև ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների, մասնավորապես, Թուրքիայի, Լեհաստանի…) միջոցով Ռուսաստանի դեմ նախապատրաստվող պատերազմին նախորդող և այժմ ընթացող քարոզչական պատերազմի մասին է: Դրա հերթական դրսևորումներից մեկն Ուկրաինայից զորքերը դուրս բերելու և «սպառնալից հռետորաբանությունը» դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կոչն է:

Իր կոչում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ողջունել է Դոնբասում հրադադարին վերադառնալու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ հայտարարությունը` այն դեպքում, երբ հենց Ռուսաստանն ինքն է քանիցս նույնաբնույթ հայտարարություններով հանդես եկել` ուղղված Ուկրաինային ու նրա արևմտյան հովանավորներին: Պետդեպարտամենտն այսպիսով փորձել է աշխարհում այն տպավորությունն ստեղծել, թե Ռուսաստանն է դեմ այդ հրադադարին, Դոնբասում խաղաղությանը, մինչդեռ հենց Ռուսաստանին է դա անհրաժեշտ, հենց Ռուսաստանն է ձգտում դրան, իսկ Ուկրաինան, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն` ճիշտ հակառակը:

Իր հայտարարությամբ Վաշինգտոնը շարունակել է Ռուսաստանին ավելի վաղ ուղղված և զորքերն Ուկրաինայի արևելյան շփման գծից և սահմաններից դուրս բերելու իր կոչը։ Ընդգծենք, որ Ուկրաինայի արևելյան շփման գծում ռուսական զորքեր չկան, իսկ սահմանների մոտ, ՌԴ տարածքում եթե դեռ կան, չեն տեղափոխվել, ապա այնտեղ են գտնվում անվտանգության հրամայականով և միանգամայն օրինական հիմքերով:

Ըստ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության, ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանին կոչ անել կատարել «Ուկրաինայի արևելքի շփման գծից ուժերն ու զենքերը դուրս բերելու» Մինսկյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

«Եվ նաև դուրս բերել ուժերը, որոնք նա (Ռուսաստանը.- Ա.Հ.) կենտրոնացրել է Ուկրաինայի սահմանների երկայնքով և դադարեցնել իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Փրայսը նշել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը, սակայն Միացյալ Նահանգները ժամանակակից զենքերով զինելով Ուկրաինային, նրան նաև այլ կերպ օգնելով ու պատերազմի դեպքում ավելի մեծ օգնություն խոստանալով, աչք փակելով Դոնբասում Ուկրաինայի ոճրագործությունների նկատմամբ, հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի Ուկրաինան չկատարի Մինսկի համաձայնագրերը, հրաժարվի դրանց կատարումից այդ փաստաթղթերում նշված գործողությունների հերթականությամբ:

Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել է, որ Եռակողմ կոնտակտային խումբը պայմանավորվել է վերադառնալ հրադադարի լիարժեք պահպանման ռեժիմին։ Ըստ ԵԱՀԿ-ի, կողմերը «վճռականություն են հայտնել» պահպանել հրադադարը։ Մինչդեռ, ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան արգելափակում է զինադադարի գործընթացը։

Այսինքն` այնտեղ կատարվում է ճիշտ այն, ինչ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի նախորդած շրջանում էր: Հիշո՞ւմ եք իրականությանը տրամագծորեն հակասող, քարոզչական պատերազմի և արյունալի պատերազմի նախապատրաստման դրսևորում հանդիսացող Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՊՆ-ի, ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները 44-օրյա պատերազմից առաջ… Ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի հավանականության վերաբերյալ հետևությունները կարող եք ինքներդ անել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան