Ուկրաինական պատերազմի ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Իրանի և Արևմուտքի միջև բանակցություններում

Իրանագետ Գարիկ Միսակյանը գրում է․

«Գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին այս գիշեր վերադառնալու է Վիեննա՝ նոր օրակարգով բանակցությունները շարունակելու և, կարծես թե ավարտին հասցնելու նպատակով։ Մինչ այդ, Վիեննայում՝ առանց Իրանի, կայացել են մի քանի մասնագիտական քննարկումներ:

Երեկ կայացել է Իրանի Անվտանգության խորհրդի հատուկ նիստ, որտեղ քննարկվել է Իրան-Արևմուտք բանակցային գործընթացը։ Դատելով համաձայնագրի հակառակորդներից մեկի՝ Սաիդ Ջալիլիի հակասական հայտարարություններից՝ իրանական կողմը սկզբունքային որոշում է կայացրել համաձայնագրի վերաբերյալ։ Այսօր Իրանի ԱԱԲԽ գլխավոր Քարտուղարը համաձայնագրի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի իր պաշտոնակցի հետ։

ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Հ․ Ամիրաբդոլահիանը իր պաշտոնական թվիթերում գրել է, որ համաձայնագրի տեքստը մանրակրկրտորեն ուսումնասիրվում է, բոլոր կողմերը ձգտում են հասնել ընդունելի համաձայնագրի և եթե Արևմուտքը Իրանի կարմիր գծերը ապահովելու համաձայնություն տա, ապա համաձայնագիրը կնքվելու է։ Իրանի կողմից առաջ քաշված հիմնական կարմիր գծերն են պատժամիջոցների զգալի մասի վերացումը, պայմանագրի միակողմանի խզման բացառումը և Իրանի հրթիռային ծրագրը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամի ազդեցությանը Իրան-Արևմուտք բանակցությունների վրա, ապա դրա ռիսկը ներկա պահին կարծես մեծ չէ, սակայն համաշխարհային շուկայում էներգետիկ ռեսուրսների գնաճը կարող է Իրանին հավելյալ վստահություն տալ բանակցություննում նոր զիջումների հասնելու տեսանկյունից»: