Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների արձագանքը Իրանի ներսում խիստ հակասական է

Իրանի արտգործնախարարն աջակցել է Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողությանը՝ դրանում մեղադրելով ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, սակայն Իրանում ոչ բոլորն են համաձայն նրա դիրքորոշման հետ։ Մասնավորապես, «7Sobh» թերթի գլխավոր խմբագրի օգնական Մոսթաֆա Արանին թվիթերում անդրադարձել է Ամիր-Աբդոլլահիանի խոսքերին, նշելով. «Նույնիսկ Սերգեյ Լավրովը չի կարող պաշտպանել Ռուսաստանին այնպես, ինչպես դա արել է Ամիր-Աբդոլլահիանը»։

Հատկանշական է, որ ի տարբերություն այլ լրատվամիջոցների՝ իրանական քաղաքականության կոշտ գծի կողմնակից լրատվական կայքերը (օր. Fars-ը և Tasnim-ը) մինչ այժմ նկատելիորեն խուսափել են ռուսական գործողությունների համար «հարձակում» բառի օգտագործումից՝ կիրառելով «Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններ արևելյան Ուկրաինայում» եզրույթը։

Պահպանողականների խմբակցության նախկին պատգամավոր Ալի Մոթահարին, օրինակ, ասել է, որ Իրանը պետք է դատապարտի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և հիշի, թե ինչպես ցարական Ռուսաստանը Իրանից խլեց Հարավային Կովկասը՝ 19-րդ դարի սկզբին և ինչպես Խորհրդային Միությունը սատարեց Սադամ Հուսեյնի ներխուժումն Իրան:

Իսկ մինչ սոցիալական և լրատվական կայքերում տեղի է ունենում կարծիքների, քաղաքական գործիչների ու պաշտոնյաների վիրտուալ բախում՝ հայտարարությամբ են հանդես գալիս Իրանի նախկին նախագահ Մ. Ահմադինեժադի կողմնակիցները: Նրանց պնդմամբ՝ ներկայիս իրավիճակը գալիս է ապացուցելու նախագահի կողմից մեկ ամիս առաջ հնչեցրած այն թեզը, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն «կեղտոտ գործարք» են կնքել՝ Ուկրաինան և Իրանը իրենց միջև բաժանելու վերաբերյալ: Ըստ նախագահի աջակիցների՝ առայժմ դեպքերը զարգանում են Մ. Ահմադինեժադի կանխատեսումներին համաձայն:

 

Գարիկ Միսակյան

Իրանագետ