Քրեակատարողական համակարգը, ցավոք սրտի, մնում է պատժողական․ ՀՀ ՄԻՊ

«ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում է եղել խոշտանգումների կանխարգելումը։ Իմ վեց տարվա գործունեության եզրահանգումը մնում է նույնը, քրեակատարողական համակարգը, ցավոք սրտի, մնում է պատժողական»,-այսօր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Պաշտպանը կարևորում է համակարգում նոր սկզբունքների ներդրումը, ինչպես օրինակ, դատապարտյալների դեպքում աստիճանական ազատ արձակման մեխանիզմները, վարքագծի գնահատման անհատական սկզբունքները, վստահության կանխավարկածը և այլն։

«Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք։ Մինչդեռ կան խնդիրներ, որոնք այս տարվա զեկույցում ևս կարտացոլվեն»,-ասաց նա։

Պաշտպանի խոսքով, ազատությունից զրկված լինելու հարցի մասով միշտ մեկ մոտեցում են ունեցել. մարդը զրկված է ազատությունից այն պահից, երբ զրկվում է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավարությունից։

«Հետևաբար նրա բոլոր իրավունքները պետք է ապահովվեն այդ պահից սկսած։ Սա վերաբերում է բոլոր հաստատություններին՝ հոգեբուժարաններին, ոստիկանության բաժիններին»,-ասաց նա։