Իսրայելը շարունակում է սադրել Իրանին, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ին ակնարկել «Կինժալ» հրթիռների մասին

Իրավիճակը Հայաստանի շուրջ, և ընդհանրապես՝ Առաջավոր Ասիայի մեր տարածաշրջանում, շարունակում է օրեցօր վատթարանալ ու բարդանալ։ Եվ մեզ դրանում համոզում են 2022 թվականի փետրվարի 16-ին հայտնի դարձած փաստերը: Ստեղծված իրավիճակում ներգրավված են շատ պետություններ, որոնք վաղուց չեն թաքցնում իրենց նկրտումները Անդրկովկասը «բռնազավթելու» մասին։

Իսրայելական 15 ընկերություններ դիմել են Բաքվում հրեական պետության ​​դեսպանատան միջոցով՝ մասնակցելու «հետպատերազմյան» Արցախում իրականացվող նախագծերին, փետրվարի 16-ին Բաքվի «Թրենդ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։ Այո՝ դա այն նույն Դիկն է, որը հաղորդել էր ԱՄՆ-ում տեղի ունեցած «հավաքի» մանրամասները, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ «Իսրայելից ավելի մեծ թվով ընկերություններ դիմել են այդ կապակցությամբ ուղղակիորեն, ոչ թե դեսպանատան միջոցով։ Ենթադրում եմ, որ խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք դիմում են տարբեր նախագծերի` սկսած «խելացի քաղաքների» կառուցումից մինչև կանաչ էներգիա, գյուղատնտեսություն, հիվանդանոցի, սպա-կենտրոնի կառուցում։ Կան տարբեր նախագծեր, և ոչ բոլորն են անցնում դեսպանատան միջոցով։ Մենք ունենք շատ ակտիվ մասնավոր սեկտոր, այն աշխատում է ինքնուրույն»,- ասել է հրեա դիվանագետը։ Նրա խոսքով՝ Իսրայելը միշտ աջակցել է այդ երկրին, այդ թվում՝ նրա տարածքային ամբողջականության հարցում։ «Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանն այժմ հնարավորություն ունի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման և վերածննդի համար։ Մենք կարծում ենք, որ դա մեծ հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի և աշխարհի տարբեր երկրների միջև համագործակցության համար։ Մենք նաև հավատում ենք, որ Իսրայելը կարող է մեծ ներդրում ունենալ մի շարք ոլորտներում, ինչպիսիք են ջրի կառավարումը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, նորարարությունը, «խելացի քաղաքները» և կանաչ էներգիան: Այս ոլորտներից յուրաքանչյուրում Իսրայելը կարող է լավ գործընկեր լինել Ադրբեջանի համար»,- ասել է Դիկը։

Ներկայումս իսրայելական մասնավոր հատվածի մասնակցությամբ մի քանի նախագծեր են մշակվում «կովկասի-թաթարստանի» գյուղատնտեսության ոլորտում։ «Գյուղատնտեսության ոլորտում գործող իսրայելական շատ ընկերություններ գալիս, բանակցում, ստուգում և հանդիպում են ադրբեջանցի գործընկերների հետ՝ նախագծեր ուսումնասիրելու համար: Այդ ծրագրերից մեկը նախատեսվում է իրականացնել Զանգելանում։ Մենք շատ լավատես ենք դրա իրականացման հարցում։ Իսրայելական ընկերությունը պատրաստվում է ֆերմա և «խելացի գյուղ» ստեղծել և գործարկել։ Մենք կառավարության միջոցով չենք ստորագրում այդ պայմանագրերը։ Իսրայելում կան ընկերություններ, որոնք պայմանագրեր են կնքում մեր գործընկերների հետ… Կարծում եմ, որ գործընթացն ավարտված է, և այստեղ հարյուրավոր կովերի և գոմեշների ֆերմա պետք է ստեղծվի՝ կաթ արտադրելու համար, որը նույնպես կվերամշակվի, որպեսզի ապահովի տարածաշրջանի բնակիչներին՝ սննդով, աշխատանքով և փորձով»,- որոշ մանրամասներ է ներկայացրել սիոնիստ Դիկը։ Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա Իսրայելի դեսպանը նշեց, որ օրինակ Ակնայում (Աղդամ) կան նախագծեր ջրային ոլորտում, որոնց շուրջ բանակցություններ են վարվել իսրայելական ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մեկորոտ»-ը, «Վարան գրուպ»-ը և այլն։ «Մենք հուսով ենք, որ շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն երկու կողմերի միջև»,- ընդգծել է սիոնիստ Դիկը։

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Իրանի և «կովկասի-թաթարստանի» միջև հարաբերությունների կտրուկ սրման ժամանակ Իրանի պաշտոնյաները, այդ թվում՝ այս երկրի գեներալների ներկայացուցիչներ, ակտիվորեն մատնանշում էին 2020 թվականի աշնանը պատերազմից հետո «Ադրբեջանում Իսրայելի ներկայության ուժեղացումը»։ Թե ինչում է նման ուժեղացումն արտահայտվում, իրանցիները չեն հստակեցնում։ Նրանց համար, թերևս, նյարդայնացնողներից մեկն էլ Իսրայելի դեսպանի այցն էր այն տարածքներ, որոնք տարածաշրջանում 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Բաքվի վերահսկողության տակ, և որոնք ուղղակիորեն հարում են Իրանի հյուսիսային սահմաններին։ Ջորջ Դիկը 2021 թվականի հունիսին այցելել է Զանգելանի շրջան։ Հրեական պետության դիվանագետի խոսքերով՝ 2022 թվականին այս տարածքը կդառնա Իսրայելի, «կովկասիթաթարստանի» և Իտալիայի «համագործակցության կենտրոն»։ Իրանի իշխանությունները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից օգտվելու և այդ պատրվակով  Իրանի սահմաններին մոտենալու Իսրայելի ցանկությամբ, ավելի վաղ հայտարարել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տեղի ունեցան դժբախտ դեպքեր։ Իսրայելը փորձեց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը, և Իրանի սահմաններին մոտենալու անհաջող փորձի արդյունքում, այսօր իր ներկայությունը հաստատեց Ադրբեջանի մի շարք շրջաններում»,- ասաց իրանական դիվանագիտության ղեկավարը։

Անգամ 2020 թվականի հուլիսյան կարճատև մարտերից հետո, այս տողերի հեղինակն անկեղծորեն զգուշացրել է Հայաստանում հավատարմագրված որոշ իրանցի դիվանագետների, որ պատերազմի դեպքում (ոչ թե Արցախի «հանձնելու», այլ՝ միայն պատերազմի դեպքում…) հիմնական կողմը, որը կզգա իր անվտանգությանն սպառնացող վտանգների ու ռիսկերի ավելացումը, կլինի Իրանը։ Ցավոք, Իրանի դիվանագետները և, ըստ ամենայնի, Թեհրանում նրանց ղեկավարությունը որոշեցին անտեսել մեր նախազգուշացումները։ Եվ հիմա Թեհրանը քաղում է հայ փորձագետների տեսակետի նկատմամբ իր անտարբերության պտուղները։ Բայց իրավիճակը բարդանում է ոչ միայն նրանով, որ շարունակվում է Իսրայելի դիրքերի ամրապնդումը Արցախի Հանրապետության օկուպացված հատվածում։ Այն, որ մենք բոլորս հերթական անգամ մոտենում ենք որոշակի ողբերգական օրերի և իրադարձությունների, հաստատում է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Սիրիա, որը նույնպես տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարի 16-ին: Այժմ հայտնի է միայն, որ Դամասկոսում գտնվելու ժամանակ Շոյգուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարը Սիրիայի նախագահին ծանուցել է Միջերկրական ծովի  Արևելյան մասում ՌԴ ռազմածովային ուժերի զորավարժությունների մասին։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերած հումանիտար օգնությունը։

Այս այցի մասին որոշ այլ մանրամասներ իմացանք փետրվարի 16-ին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում լիբանանցի գեներալ Շարլ Աբի Նադերի մեկնաբանություններից։ Նրա կարծիքով՝ Շոյգուի այցը կապված է Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվող առճակատման հետ. «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները միտումնավոր սրում են միջազգային դրությոնը՝ դրա համար օգտագործելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուղևորվել է Դամասկոս՝ այնտեղից նախազգուշական հաղորդագրություն ուղարկելու համար… Դա հանգում է նրան, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ ռազմական առճակատման դեպքում կօգտագործի Սիրիայում իր ռազմավարական օբյեկտները»: Շարլ Աբի Նադերը նշել է, որ Շոյգուի այցը Խմեյմիմում գտնվող ռուսական օդատիեզերական ուժերի բազա և Տարտուսում ՌԴ ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական սպասարկման կետ ցույց է տալիս, «որքան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստանը այս օբյեկտներին՝ համաշխարհային առճակատման մեջ». ««Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգերով զինված Տու-22Մ3 և ՄիԳ-31Կ հեռահար ինքնաթիռների տեղափոխումը Խմեյմիմ օդանավակայան՝ ռազմածովային զորավարժություններին մասնակցելու համար հուշում է, որ Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում ստեղծված ռազմաքաղաքական լարվածությանը»: Նաև, գեներալի կարծիքով, նախագահ Բաշար ալ-Ասադի հետ Շոյգուի հանդիպումը «Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կբարձրացնի նոր ռազմավարական մակարդակի, որը դուրս կգա ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար նախապես հայտարարված նպատակներից»:

Մեզ մնում է հիշեցնել, որ ավելի վաղ Ռուսաստանը հրատապ կերպով Կալինինգրադի մարզ է տեղափոխել մարտական ​​ինքնաթիռներ, որոնք կարող են կրել «Կինժալ» («Դաշույն») հրթիռային համակարգեր, և դա խիստ անհանգստացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։ Այժմ մենք գիտենք, որ «Կինժալներն» արդեն Սիրիայում են, և մեզ մնում է միայն կռահել, թե ՆԱՏՕ-ի անդամ որ երկրի դեմ, անհրաժեշտության դեպքում, ռուս ռազմական օդաչուները պատրաստ կլինեն օգտագործել «Կինժալները» ․․․

Սերգեյ Շաքարյանց