Փետրվարի 21-ից Pfizer-ը հասանելի կլինի պատվաստման բոլոր կետերում

Առաջիկա երկուշաբթի օրվանից Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը շեշտեց, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։

«Pfizer–ի միակ տարբերությունն, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ»,-մանրամասնեց նախարարը։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան «Ֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով` COVID-19-ի դեմ mRNA հիմքով Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: