Ի՞նչ է` սխալ, իրականությանը չհամապատասխանող բա՞ն է ասել Գառնիկ Իսագուլյանը, ու նույնիսկ սուտ մատնությո՞ւն, որ մեղադրանք են առաջադրել…

Բաթումում Փաշինյանի խորհրդավոր անհետացման, նրան 750 մլն դոլար տալու, թուրքական փողերի հետքի, կիլկիների, շնաձկների և այլնի մասին

Այսօր` փետրվարի 14-ին, ժամը 14։30-ին և 15։30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (Երևան, Գ․ Նժդեհի 23), դարձյալ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, նշանակված է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող Գառնիկ Իսաղուլյանի (նշված ազգանունն անձնագրայինն է) կալանքի որոշման և գրավի միջնորդության մերժումը բողոքարկելու 2 նիստ։

Ինչպես արդեն ներկայացրել ենք դեռ 2021թ. դեկտեմբերի 21-ի մեր «Գառնիկ Իսաղուլյանի` ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ շինծու մեղադրանքի համար պատասխանատվությունն անխուսափելի է լինելու» հրապարակմամբ, հարուցված քրեական գործը շինծու է: Գառնիկ Իսաղուլյանին տվյալ քր. գործով որպես մեղադրյալ ներգրավելը, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով) մեղադրանք առաջադրելն անհիմն է, անօրինական ու վկայում է ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին:

Այդ ի՞նչ է ասել Գառնիկ Իսաղուլյանը 2021թ. սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում, որ քրեական գործ են հարուցել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, մեղադրանք առաջադրել ու դեռ քննում են, քննո՜ւմ (ի՞նչն են քննում…)` մարդուն, կարծում ենք, արհեստականորեն կալանքի տակ, անազատության մեջ պահելով:

Հայաստանի ոստիկանական բռնապետության քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդագրությամբ ներկայացվածի համաձայն (որի վրա հիմնվելով է նաև, որ Իսաղուլյանին ներգրավել են որպես մեղադրյալ), Գառնիկ Իսաղուլյանն ասել է, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հետ բանակցություններ է վարել, ինչի արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը «Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել»:

Ինչպես արդեն նշել և հիմնավորել ենք, ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի ասածի այս մասը նույնպես չի նշանակում, թե նա Կարապետյանին մեղադրել է առանձնապես ծանր և, ընդհանրապես, որևէ, թեկուզ ոչ ծանր հանցագործության մեջ: Հետևաբար այս առումով նույնպես Իսաղուլյանին առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն և անօրինական է:

Վերոնշյալը, սակայն, խնդրի սոսկ մի կողմն է… Ի՞նչ է` սխալ, իրականությանը չհամապատասխանող բա՞ն է ասել «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը Բաթումի քաղաքում Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ… ԱԱԾ-ի ու ՔԿ-ի ղեկավարներին ու համապատասխան քննիչներին կառաջարկեինք պատասխանելուց առաջ լավ մտածել… Ու մեկ էլ մի պահ պատկերացնել, որ Նիկոլի իշխանությունը ժամանակավոր է, իսկ իշխանափոխությունից հետո, մեկ էլ տեսար, ԱԱԾ տնօրեն Գառնիկ Իսաղուլյանը նշանակվեց: Հը՞, ինչպիսի՞ն է նրանց համար այսպիսի հեռանկարը…

Եվ մինչ կմտածեն վերոնշյալ հարցի պատասխանը, հիշեցնենք նրանց  2021թ. սեպտեմբերի 20-ի վերոնշյալ ասուլիսից դեռ երկու օր առաջ` սեպտեմբերի 18-ին, «Փաստ» օրաթերթի «Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը» վերտառությամբ հրապարակումը, որից մի հատված մեջբերում ենք ստորև.

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ»:

Բաթում կատարած այցը միանշանակ չէր ընդունվել ո՛չ հայ հանրության մի ստվար հատվածի, ո՛չ էլ, հատկապես, ռուսական քաղաքական որոշակի շրջանակների կողմից: Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ: Բանն այն է, որ այցի «բաթումյան հատվածից» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:

Վրաստանի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ օրը Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Թե ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, պարզել հնարավոր չեղավ: Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Փաշինյանը:

Սա այն դեպքերից է, երբ նույնիսկ աղոտ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է, սակայն երևույթն ինքնին որոշակիորեն զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ»:

Վերոնշյալ հրապարակումից, ինչպես նաև Բաթումի քաղաքում Նիկոլի հանդիպման վերաբերյալ Իսաղուլյանի ասածից հետո պետք էր նյութեր նախապատրաստել, քննություն իրականացնել, և դա, կարծում ենք, ԱԱԾ-ն պետք է աներ, եթե իսկապես լիներ ազգային անվտանգության ծառայություն (օրինակ, Իսրայելում, ԱՄՆ-ում հենց այդպես կվարվեին, եթե իրենց մոտ նման տեղեկատվություն հրապարակվեր, ի դեպ, չհերքված…):

ԱԱԾ կոչվածին ու ՔԿ-ին հիշեցնենք նաև, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Վլադիմիր Կարապետյանի մասին սենսացիոն տեղեկությունները մամուլում հայտնվել են (https://livenews.am/press/2021/148542/21/17/54/ ) Իսաղուլյանի վերոնշյալ ասուլիսից, ասուլիսում քր. գործի հարուցման համար առիթ ծառայեցված նրա հայտարարություններից շատ ավելի վաղ, և այդ տեղեկությունները սոսկ սենսացիոն չեն…. Դրանք պարունակելով ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության համար որոշակի հետաքրքրություն ներկայացնող փաստեր, վաղուց պետք է արժանացած լինեին նրանց հետաքրքրությանը, եթե, իհարկե, Հայաստանն իրավական պետություն լիներ, նշված մարմիններում էլ իրենց մասնագիտությունից ու պաշտոնից բխող պարտականություններին ծառայեին:

Ահա մի հրապարակում էլ, որ արդեն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի հիշյալ ասուլիսից հետո, ս. թ. փետրվարի 2-ին է եղել. «Սթափ զրույց» հարթակի հիմնադիր Քրիստինա Նազարյանի հետ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի հարցազրույցի վերնագիրը` «Տեսանյութ․ Ո՞վ տվեց Փաշինյանին 750 մլն դոլար. թուրքական փողերի հետք իշխանությունների հետևում», բավական խոսուն է…

2022թ. փետրվարի 10-ին ԱԱԾ կոչվածն իր կայքում տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում  գործող լրտեսական ցանցի գործունեությունը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է…, և այլն, և այլն: Ակամա հիշեցինք ժամանակին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի ասածը` «կիլկիների ու շնաձկների» վերաբերյալ…

Ճիշտ է, Սադոյանը «կիլկիների ու շնաձկների» մասին իր խոսքն ասել էր ոչ թե լրտեսների, պետական դավաճանների, այլ կոռուպցիոներների առնչությամբ ու մեր երկրում կոռուպցիայի դեմ անբավարար կամ ձևական պայքարի համատեքստում: Բայց նույնը հիմա կարելի է ասել հենց լրտեսների, պետական դավաճանների վերաբերյալ: Այնպես որ, ԱԱԾ կոչվածը թող նախևառաջ զբաղվի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում լրտեսների, պետական դավաճանների բացահայտման գործով: Այդ գործում նրան օգնելու համար հրապարակայնորեն բազմաթիվ փաստեր են ներկայացվել:

Արթուր Հովհաննիսյան