Գառնիկ Իսաղուլյանի` ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ շինծու մեղադրանքի համար պատասխանատվությունն անխուսափելի է լինելու

Հերթական շինծու քրեական գործի առնչությամբ «Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը» ամպադղորդ վերնագրով հաղորդագրությամբ  այսօր հանդես եկավ Հայաստանի ոստիկանական բռնապետության քննչական կոմիտեն (ՔԿ):

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» ‰ կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կարելի է պատկերացնել, թե հաղորդագրության այս` 1-ին պարբերությունը կարդացողներից շատերն ինչպես են իրենց շունչը պահած, անհամբեր և արագորեն ընթերցում շարունակությունը, որպեսզի իմանան, թե այդ ի՞նչ քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ են իրականացվել, կամ եթե քննչական կոմիտեն Արծրունի ասած «դագդիգական» նկատառումներով դա թաքցնում կամ չի ուզում հայտնել, ապա գոնե իմանան, թե ինչ է պարզվել այդ «քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ»-ի արդյունքում, գոնե մի բան պարզվե՞լ է… Իմանան նաև, թե բյուջեից, որ գումարները տալիս են ՔԿ-ին, հո իզուր չե՞ն տալիս, աշխատավարձը, որ ոմանք ստանում են այնտեղ, հո հենց այնպես չե՞ն ստանում…

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին»,- սա է ՔԿ-ի հաղորդագրության նախորդ պարբերությանը հաջորդող բացահայտիչ մասը:

Եթե Գառնիկ Իսաղուլյանն (նշված ազգանունն անձնագրայինն է) ինքնախոստովանական ցուցմունք չի տվել (իսկ նա այդպիսի ցուցմունք չի տվել), ՔԿ-ում այդ ինչպե՞ս իմացան, որ Գառնիկ Իսաղուլյանը գիտակցել է իր կողմից տրամադրվող տեղեկատվության կեղծ լինելը (դատարանում ստիպված են լինելու ապացուցել, հիմնավորել դա), ի՞նչ է` քննչական կոմիտեում որոշ քննիչներ արդեն տելապատիկ կարողություննե՞ր ունեն, մե՞նք չգիտենք…

Շարունակենք ներկայացնել հաղորդագրության հաջորդող մասը.

«Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին»:

Հենց այստեղ էլ արդեն եկանք ամենակարևորին: Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով պատիժ (մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում) է նախատեսված սուտ մատնության համար, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Հիմա տեսնենք, թե Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի (Վլադիմիր Կարապետյանի) վերաբերյալ Գառնիկ Իսաղուլյանի այդ ո՞ր մի ասածն է նշանակում Կարապետյանին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրել:

Միայն տգետը, հոգեկան հիվանդը կամ սրիկան կարող է ասել, թե թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ուսումնասիրվելը նշանակում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարել: Բնականաբար, մարդը որևէ մեղք չունի, եթե ինչ-որ անձինք կամ հատուկ ծառայություններ իրեն ուսումնասիրում են: Ուրեմն Իսաղուլյանի հայտնածից սա հանեցինք, մնաց երկրորդ բաղադրիչը` հավաքագրվելը, մեկը հենց դա է, որի վրա հենվել են ՔԿ-ում և Իսաղուլյանին ներգրավել որպես մեղադրյալ: Բայց այլ կամ, թեկուզ, թշնամի պետության (պետությունների) հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելը որքան էլ անթույլատրելի, բարոյական և քաղաքական առումներով դատապարտելի, արդյոք, ընդհանրապես, հանցագործությո՞ւն է, այն էլ`  առանձնապես ծանր…

Իսաղուլյանն ասե՞լ է, որ Վլադիմիր Կարապետյանը հավաքագրվելով թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի օգուտ նրանց և ի վնաս Հայաստանի, ինչ-որ գործողություն է կատարել: Ո՛չ: Իսաղուլյանն ասե՞լ է, որ հիշյալ դեսպանը նշված ծառայություններին խոստացել է ի օգուտ նրանց և ի վնաս Հայաստանի, ինչ-որ բան անել: Դարձյա՛լ ոչ:

Հետևաբար «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը, որը, գրեթե համոզված եմ, նկատի է ունեցել թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Վլադիմիր Կարապետյանի հավաքագրվելը որպես նշված պետությունների ազդեցության գործակալ կամ նրանց շահերի լոբբիստ, դեսպանին Քրեական օրենսգրքով նախատեսված այդ ո՞ր մի հանցանքը, այն էլ` առանձնապես ծանր հանցանքը կատարելու մեջ է մեղադրել: Ո՛չ մի:

Եթե կան չհավատացողներ, թող բացեն Քրեական օրենսգիրքը, ծայրեծայր կարդան, և այդ դեպքում կհամոզվեն, որ Կարապետյանի կատարած կամ Իսաղուլյանի կողմից նրան վերագրվող արարքը չի համապատասխանում որևէ հանցանքի հատկանիշների, օրենսգրքում տվյալ արարքին համապատասխանող որևէ հոդված պարզապես չկա:

Իսաղուլյանի` ՔԿ-ի կողմից ներկայացված հայտարարության մյուս մասը նույնպես (որի վրա հիմվելով են նրան ներգրավել որպես մեղադրյալ), թե վերոնշյալ դեսպանը Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ բանակցություններ է վարել, ինչի արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը «Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել», դարձյալ չի նշանակում Կարապետյանին մեղադրել առանձնապես ծանր և, ընդհանրապես, որևէ, թեկուզ ոչ ծանր հանցագործության մեջ:

Իսաղուլյանն ասե՞լ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն Էրդողանի ներկայացուցիչներից այդ գումարը պետք է խնդրեր որպես կաշառք, և դեսպանն այդ նպատակով է բանակցություններ վարել: Ո՛չ: Որևէ պետությունից գումար խնդրելը հանցա՞նք է… Իհարկե՛ ոչ: Այլ պետությունից գումար խնդրելը հանցանք համարող որևէ հոդված Քրեական օրենսգրքում պարզապես չկա:

Եթե որևէ պետությունից գումար խնդրելը հանցանք լիներ, Նիկոլին կամ նրա իշխանության համապատասխան պաշտոնյաներին վաղուց պետք է մեղադրանքներ առաջադրված լինեին այլ պետություններից և (կամ) միջազգային կազմակերպություններից ոչ միայն պետության եղած կամ չեղած կարիքների համար գումար խնդրելու, այլև միլիարդավոր դոլարների վարկերի ստացման համար: Ընդգծենք նաև, որ Վլադիմիր Կարապետյանի մասին սենսացիոն տեղեկությունները մամուլում հայտնվել են  շատ ավելի վաղ:

Հենց այս ամենը նկատի ունենալով է, որ վերոնշյալ քրեական գործը համարում ենք շինծու, իսկ Գառնիկ Իսաղուլյանին տվյալ քր. գործով որպես մեղադրյալ ներգրավելն ուղղակի լկտի քաղաքական հետապնդում նրա` ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ: Այս հետևությանը հանգում ենք նաև նկատի ունենալով նախաքննական մարմնի կողմից Իսաղուլյանին կալանավորելու համար դատարան ներկայացված միանգամայն անհիմն, անօրինական միջնորդությունը, ինչպես նաև նրա ձերբակալումն իբրև ամենավտանգավոր ահաբեկչի:

Այսօրվա Հայաստանում Ստալինյան ժամանակների բռնաճնշումները սողալով վերադառնում են, Նիկոլի ասած ապագան եկել է: Միայն թե իր ապագայից երևի տեղյակ չէ… Տվյալ քրեական գործը հարուցվել է ԱԱԾ կոչվածի քննչական դեպարտամենտում, ինչո՞ւ քր. գործի նախաքննությունն այնտեղ չի շարունակվել, վերևից ո՞ւմ կամոք է ուղարկվել ՔԿ (կարելի է ենթադրել…):

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է քննչական կոմիտեի ներկայիս նախագահի վերաբերյալ սուտ մատնության գործով: Քր. գործի շինծու բնույթից ելնելով, կարո՞ղ ենք եզրակացնել կամ առնվազն ենթադրել, որ գործն ԱԱԾ կոչվածից ՔԿ է տեղափոխվել, որպեսզի ՔԿ-ի ներկայիս նախագահ Արգիշտի Քյարամյանը Իսաղուլյանից իր վերաբերյալ հայտարարությունների համար քինախնդրությանը հագուրդ տալու, վրեժխնդիր լինելու հնարավորություն ունենա:

Նույնիսկ անկախ դրանից, ԱԱԾ կոչվածի, ՔԿ-ի համապատասխան պաշտոնյաներին և իրենց հավանական պատվիրատուներին մի բան ենք ցանկանում` մեծ, շատ մեծ երևակայություն` պատկերացնելու համար Սահմանադրություն և օրենք բռնաբարածների պատասխանատվությունը, պատիժն այն բանից հետո, երբ Նիկոլը կկորցնի իշխանությունը, կզրկվի իր իշխանությունից, չի լինի իշխանության ղեկին և… Այդ օրը հեռու չէ:

 

Արթուր Հովհաննիսյան