Բաքվում ձերբակալել են երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվել են խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են Բաքվի ռազմական դատարանում:

«Դատական գործ է սկսվել յուրացման մեջ մեղադրվող պաշտպանության նախարարության սպաների՝ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Խալիլովի, N զորամասի  ֆինանսական բաժնի պետ Ֆազայիլ Ալիևի, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովի և ֆինանսական վարչության սպա Ալիզադե Վյուսալ Ադալեթ օղլուի դեմ։ Մեղադրյալներից յուրաքանչյուրի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը չորս ամսով»,- ասել են դատարանում։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, նշված անձինք ձերբակալվել են պետական անվտանգության ծառայության գործողության ընթացքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափի յուրացում), իսկ պատճառված վնասի ընդհանուր գումարը գերազանցում է 10 միլիոն մանաթը (ավելի քան 5,8 միլիոն դոլար):