2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 20

Սկիզբը` այստեղ 

Իրենից անկախացած Դոնբասի հանրապետությունները ռազմական ճանապարհով վերադարձնելու Ուկրաինայի փորձի կամ սադրանքի հետևանքով ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի զինված ուժերի և ռուսական բանակի բախումը կողմերի կամքից անկախ հանգամանքների բերումով, ինչպես արդեն նշել ենք, թեև քիչ հավանական, բայց բացառված չէ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվայում փետրվարի 7-ին կայացած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման վտանգ կա, եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, որպես դաշինքի մաս, հարձակվի Ղրիմի վրա: Նշելով, որ Կիևի իշխանություններն արդեն երկու անգամ փորձել են ուժային ճանապարհով լուծել Դոնբասի խնդիրը, իսկ երրորդ անգամը չի բացառվում, Պուտինն ակնարկել է, որ իր ասածը վերաբերվում է նաև Դոնբասի վրա Ուկրաինայի հավանական հարձակմանը:

ՌԴ նախագահն ասել է նաև, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտության դեպքում հաղթողներ չեն լինի` ակնարկելով, որ այդ բախումը կարող է վերածվել միջուկայինի: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներուժն անհամեմատելի է (ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերի, ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, նավերի, տանկերի քանակը գերազանցում է ՌԴ ԶՈւ ունեցածին) և հավելել.

«Մենք հասկանում ենք (սա): Բայց մենք հասկանում ենք նաև, որ Ռուսաստանը միջուկային առաջատար տերություններից է և որոշ առումներով… նույնիսկ շատերից առաջ: Հաղթողներ չեն լինի»:

Վերջին տեղեկությունները, որոնք ի հայտ եկան փետրվարի 7-ին, ինչպես նաև փետրվարի 7-ից հետո, հիմք են տալիս եզրակացնելու, որ ռուս- ուկրաինական պատերազմի դեպքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական բախում կարող է լինել նույնիսկ մինչև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը, ընդ որում, ոչ միայն կողմերի կամքից անկախ հանգամանքների բերումով…

«The Wall Street Journal»-ը, РБК-ի փոխանցմամբ, տեղեկացել ու գրել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի անդամ մի քանի այլ երկրներ «օդային կամուրջ» են ստեղծել ռուսական ագրեսիայի դեպքում Կիև զենք տեղափոխելու համար: Ինչպես գրել է «The Wall Street Journal»-ը, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների ոչ պաշտոնական կոալիցիան Կիևի խնդրանքով «օդային միջանցք» են ստեղծել Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարելու համար։ Մոսկվան հերքում է ներխուժման նախապատրաստման մեղադրանքները։

Անտեղյակ ընթերցողին բացատրենք, թե ինչ է «օդային կամուրջը»: Դա այս դեպքում Ուկրաինայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի քանի այլ պետությունների միջև վերջիններիս ռազմական ինքնաթիռների երկկողմանի թռիչքների նախապես համաձայնեցված այն երթուղին է (թռիչքների ուղղություն, բարձրություն), որում և որի անմիջական հարևանությամբ անվտանգային նկատառումներով, ինչպես պարտավորվել է Ուկրաինան, իր ռազմական և քաղաքացիական ինքնաթիռները, ուղղաթիռները, ԱԹՍ-ները պատերազմի ընթացքում, անկախ ցանկացած հանգամանքից, չեն թռչելու:

Բացի վերոնշյալից, Ուկրաինայի պարտավորության համաձայն, նրա ռազմական ինքնաթիռները և ՀՕՊ-ի միջոցներն այդ «օդային կամրջի» ուղղությամբ, երկայնքով կամ հարևանությամբ, անկախ հանգամանքներից, այսինքն` այնտեղ նույնիսկ ռուսական ռազմական ինքնաթիռ նկատելու դեպքում, որևէ հրթիռ չեն արձակելու նրա վրա, որովհետև այդ հրթիռն ինքնաթիռի հաջող խուսանավական մանևրի դեպքում կարող է խոցել այդ պահին մոտերքով անցնող ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ պետության ռազմական ինքնաթիռը: Սա է «օդային կամրջի» իմաստը: Հիմա հնարավոր զարգացումները դիտարկենք մեկ այլ տեսանկյունից…

Կարո՞ղ է Ռուսաստանի ՀՕՊ-ի զինծառայողը կամ կործանիչի օդաչուն պատերազմի դեպքում «օդային կամրջով» անցնող ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ պետության ռազմատրանսպորտային ինքնաթիռը կամ նրան ուղեկցող կործանիչները, որպես օտար ու թշնամական թիրախներ, շփոթել ուկրաինականի հետ և խոցել… Կարող է:

Կարո՞ղ է Ռուսաստանը պատերազմի ընթացքում Ուկրաինայի երկնքում խոցել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ  այլ պետության ռազմատրանսպորտային ինքնաթիռը, եթե նշված պետությունները սկսեն Ուկրաինա ուղարկել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական սպառազինություն, ինչի հետևանքով  ՌԴ-ն նույնպես մեծ մարդկային ու նյութական կորուստներ ունենա: Այսինքն` խոցել հարձակողական զինատեսակներով Ուկրաինական բանակի հետագա զինումը կասեցնելու նպատակով: Քիչ հավանական է, բայց բացառված չէ:

Կարո՞ղ է պատերազմի հետևանքով իր ընտանիքի անդամին, հարազատին կամ ընկերոջը կորցրած ՌԴ ՀՕՊ-ի օպերատորը կամ կործանիչի օդաչուն առանց հրամանի, վրեժի համար հրթիռն ուղղել Ուկրաինա զենք, ռազմական տեխնիկա բերող արևմտյան ռազմատրանսպորտային ինքնաթիռի վրա: Պատերազմի ընթացքում ոչինչ բացառված չէ:

Եվ ամենահավանականը և ամենավտանգավորը. կարո՞ղ է ռուսական կործանիչի հետ մարտի մեջ գտնվող Ուկրաինայի ռազմական ինքնաթիռը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կամ օդաչուի նախաձեռնությամբ ԱՄՆ- Ռուսաստան, ՆԱՏՕ- ՌԴ բախում սադրելու նպատակով, մտնել «օդային կամրջի» տարածք, հայտնվել այդտեղով անցնող ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ պետության ինքնաթիռից ոչ հեռու, այնտեղից հրթիռ արձակել ռուսական կործանիչի կամ ներքևում գտնվող ռուսական որևէ թիրախի ուղղությամբ, իսկ պատասխան հրթիռը շեղող մանևրով ուղղել արևմտյան ինքնաթիռի վրա: Կարող է:

Իրադարձությունների զարգացման վերոնշյալ սցենարները հնարավոր են նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և «օդային կամրջի» ստեղծմանը մասնակցած ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններ այդ կամրջի կոորդինատները, ուղղության և բարձրության տվյալներն արդեն փոխանցել են կամ առաջիկայում փոխանցեն Ռուսաստանին, որպեսզի վերջինիս ԶՈւ-ի կողմից այդտեղով անցնող իրենց ինքնաթիռների ուղղությամբ որևէ հրթիռ չարձակվի:

Իրավիճակի վտանգավորությունն ավելի է ընդգծվում, եթե նկատի ունենանք, որ արդեն Լեհաստան ուղարկված ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորականները ռուս- ուկրաինական պատերազմի դեպքում կարող են մասնակցել Ուկրաինայից ԱՄՆ քաղաքացիների տարհանմանը: Դրա հնարավորության մասին օրերս, «РИА Новости»-ի փոխանցմամբ, խոսել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: Պատերազմի դեպքում, որի ընթացքում իրադարձությունները սովորաբար շատ հախուռն են ընթանում, բացառված չէ նաև ԱՄՆ վերոնշյալ զինվորականներին կամ նրանց տեղափոխող մեքենաներին ՌԴ ԶՈւ-ի հարվածն Ուկրաինայի զինծառայողների, նրանց մեքենաների հետ շփոթելու հետևանքով:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան