Երիտասարդների ու սիրո բարեխոսի տոնը դուրս մղեց օտարամոլությունը

Հայաստանում վերջին տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերով հնարավոր եղավ վերացնել օտարամոլության դրսևորումներից մեկը՝ մեզ համար խորթ և մեր կրոնական ավանդույթների հետ որևէ առնչություն չունեցող սուրբ Վալենտինի տոնը նշելու սովորությունը։ Փոխարենը եկեղեցու աշխույժ նախաձեռնությամբ արդեն որերորդ տարին հայ երիտասարդները նշում են Հայ առաքելական եկեղեցուն ու մեր դավանանքին հոգեհարազատ Սուրբ Սարգսի տոնը՝ այդ օրը նշանավորելով միմյանց խորհրդանշական ընծաներ անելով ու ծիսական այլ սովորություններով՝ աղի բլիթ ուտելով, տան տանիքին կամ շեմին փոխինդ լցնելով և Սուրբ Սարգսի ձիու սմբակների հետքերը դրանում փնտրելով, երիտասարդների օրհնության ծիսակատարությամբ։ Ի դեպ, Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր է հռչակվել Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը, և նրա միջնորդությամբ երիտասարդները խնդրում են Աստծուց օրհնել իրենց ամուսնական միությունը, սերը։  Տոնը շարժական է և սովորաբար նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Այս տարի այն նշվում է փետրվարի 12-ին։

Սուրբ Սարգիս զորավարը կարգված է նաև համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։ Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական հայսմավուրքներից մեկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է սբ Սարգսի մարմինը և ամփոփում Հայաստանի Կարբի ավանում։ Այնուհետև վերցնելով սրբի ատամներից մեկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին և մասունքի վրա Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնվել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Այդ լեռն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում։ Այս դեպքերը հիշատակվում են նաև Ներսես Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։ Այսպիսով, սբ Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը սբ Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սբ Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Ըստ ավանդույթի՝ աղջիկը կամ տղան կամուսնանան նրա հետ, ով երազում իրենց ջուր կտա։ Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:

Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Աղջիկը նույնպես սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար մեկնել արտագնա աշխատանքի: Նա իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: