Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության երաշխիքների հարցը և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 10-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել արդի միջազգային հարցերի շուրջ: Քննարկման առանցքը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունն է՝ ապահովելու Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքներ՝ հիմնված անվտանգության անբաժանելիության ընդհանուր ճանաչված սկզբունքի իրականացման վրա», – հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։

Լավրովը Իտալիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շուտափույթ կարգավորել Ռուսաստանի Դաշնության կողմից բարձրացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը:

Նա նաև մատնանշել է Ուկրաինայի ռազմականացմանն ուղղված ՆԱՏՕ-ի գործողությունների ապակայունացնող բնույթը: