Արցախյան ազատագրական պայքարում առանցքային դեր ունեցած մտավորականը. այսօր Զորի Բալայանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր գրող, հրապարակախոս, Արցախյան ազատամարտի մասնակից Զորի Բալայանի ծննդյան օրն է:

Կենսագրական

 Ծնվել է 1935 թվականին, Ստեփանակերտում: 1953-1957 թթ. ծառայել է Բալթյան նավատորմում, 1963-ին ավարտել Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1963-1973
թթ. Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: 1967-ին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել՝ անցնելով 22 հազար կմ տարածություն:

1970 թ. Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս: 1973-ի ձմռանը շնասահնակով կտրելանցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս: Այդ ճանապարհորդությունները դարձել են գրքեր:

1973-1975 թթ. աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան):
Զ. Բալայանը Արցախյան շարժման և Արցախյան պատերազմի տարեգիրներից է 

Զորի Բալայանը Արցախյան շարժման մեջ առանցքային դեր ու անմիջական մասնակցություն ունեցած մեր հայտնի մտավորականներից է:

Նա գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին:

90-ականներին հանրաճանաչ երկու հայերը՝ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն ու գրող Զորի Բալայանը մեկտեղում են իրենց ջանքերը՝ հանուն Արցախի։ Բալայանն օգտագործելով իր հանրաճանաչությունն ու լայն կապերը կազմակերպում է հանդիպում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Գորբաչովի հետ։ 1988-ի Փետրվարի 23-ին Կրեմլում Գորբաչովն ընդունում է Բալայանին ու Կապուտիկյանին:

Այդ օրերի համատեղ աշխատանքի ու մեծ նվիրումով արված գործի մասին հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հետագայում գրում է․

«Չնայած տարիքային տարբերությանը, մեր կյանքի մի ահագին հատված քայլել ենք միասին: 30-40 տարի ընկած երկրե-երկիր, դռնեդուռ, Մոսկվայի, Երևանի պաշտոնական անձանց, նշանավոր անհատների կաբինետները մտնել-ելնելով, նամակներ ու դիմումներ ներկայացնելով, բացատրելով, հորդորելով, այնուհետև Ստեփանակերտի, Երևանի հրապարակներում տասնամյակներով ցասումն ու վիրավորանքը զսպած ժողովրդին ոտքի հանելով, ազատագրական կռվի մղելով, քո ողջ էությամբ, հոգով, սրտով, խոսքով, գրքով դու մոտեցրիր երանելի այն պահը, երբ Շուշվա բարձունքից Ղազանչեցոց եկեղեցու վաղուց լռած զանգերը հաղթանակ ղողանջեցին համայն հայաշխարհի վրա»։

Այսօր, 83-ամյա Զորի Բալայանը, խոսելով արցախյան ազատագրական շարժման սկսման մասին, ասում է․ «Շարժումը սկսվեց, չէինք կարծում, թե Սովետական միությունը քանդվելու է, մեր նպատակը ԽՍՀՄ գոյության պայմաններում Արցախը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ փոխադրելն էր»:

Անդրադառնալով`31 տարի առաջ Արցախը Հայաստանին վերամիավորելու պատմական որոշմանը, Բալայանը նկատում է. «Այն բոլորիս համար սպասված քայլ էր, այդ օրով մենք գնացինք դեպի հաղթանակ։ Իսկ տարիներ անց՝ 1994-ին Հեյդար Ալիևը Ելցինին անկեղծորեն ասել է՝ սարսափած է հայերի հաղթանակից։ Այս մասին Ելցինն ինքն է անձամբ պատմել ինձ»,-հիշում է Զորի Բալայանը:

Զորի Բալայանի կատարած աշխատանքը, սակայն, չավարտվեց միայն Արցախյան ազատամարտի տարիներով. 2000-ականներին Բալայանը ձեռնամուխ է լինում Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու կարևորագույն գործընթացին։ 2002-ին տեսնելով Հանրապետության հրապարակում կանգնած Կլիլիկիա նավը՝ ասում է. « Եկել է նպատակի իրականացման ժամանակը՝ մեր հայրենակիցների հիշողության մեջ պատմության կարևոր էջերը թարմացնելու ժամանակը»։

Եվ կառուցվում ու ծով են իջեցվում միջնադարյան «Կիլիկա» ու «Արմենիա» նավերը՝ Արցախի ու Հայաստանի դրոշները պարզած: Հետագայում իր «Վերադարձ» գրքում գրեց․ «Կիլիկիայի վրա կանգնած մտածում էինք՝ նավերը բացի ամեն ինչից՝ կառուցվում են նաև այն բանի համար, որ դրանց տախտակամածից, ինչպես Նոյյան տապանից, տեսանելի դառնա ապագան»…

Ստորև ներկայացնում ենք LIVEnews TV-ի ստեղծագործական խմբի կողմից 2020 թվականին նկարահանված` «Պիտի բռունցքվե՛նք, միայն այդպես կհաղթենք թշնամուն» տեսաֆիլմը` նվիրված արցախյան ազատագրական պայքարի 32-րդ տարելիցին և արցախյան պայքարի նվիրյալ Զորի Բալայանին:

Ֆիլմի սցենարի հեղինակ` լրագրող Արմինե Սիմոնյան,

Օպերատոր` Հակոբ Գումրոյան,

Մոնտաժը` Հայկ Սինդոյանի